
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
– Պարոն Մակարյան, դուք, մյուս տնտեսագետները մշտապես նշում եք, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը մեծապես անդրադառնում է նաև տնտեսության վրա: Հիմա, երբ նշանակված են արտահերթ ընտրությունները, ակնկալո՞ւմ եք, որ դրանցից հետո առկա անորոշությունը կվերանա ու տնտեսության զարգացման խոչընդոտներ այլևս չեն լինի:
– Նախորդ ընտրությունների դինամիկայից ելնելով՝ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հաջորդում է կառավարության ձևավորման փուլը, որը վերջնական կլինի հուլիս ամսվա մեջ, հուլիսն էլ կանցնի ու դրան կհաջորդի արձակուրդների շրջանը: Եվ մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսը կառավարությունը ուժ հավաքի, սկսի աշխատել, անցնի իրենց 100 օրը, արդեն տարին կանցնի: Այսինքն՝ մենք 21 թվականը անցած տարին ենք համարում: Մենք անգամ օպտիմիստական սցենարի դեպքում մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ: Եթե այնպիսի կառավարություն կձևավորվի, որը կունենա որոշակի փորձառություն, կտիրապետի սոցիալ-տնտեսական խնդիրներին, ապա կօգնեն կառավարությանը արագ մտնել ընթացքի մեջ, ու այդ պարագայում տարեվերջին արդեն կարելի է որոշ բաների մասին խոսել: Իսկ եթե սցենարը ընթացավ վատ ճանապարհով, եղան հետընտրական պրոցեսներ, կողմերը դժգոհ եղան ընտրությունների արդյունքներից, նոր կոնֆլիկտներ զարգացան, ապա այդ հանգամանքներում մենք առավելապես ոչինչ չենք հասցնի անել: Կա նաև երրորդ տարբերակ, որ եթե ամեն ինչ օպտիմիստական սցենարով զարգանա, ապա մենք ո՞ր կառավարության մասին ենք խոսելու: Մեզ համար կարևոր է, թե, վերջին հաշվով, ինչ կառավարություն է ձևավորվելու: Սա է կարևոր խնդիրներից մեկը: Մեզ պետք է, որ ձևավորվի այնպիսի կկառավարություն, որը ունակ է բոլոր մարտահրավերները հասկանալու, գնահատելու, հաղթահարելու և լուծումներ առաջարկելու:
– Կառավարության ներկա կազմին դուք այդպիսի՞ն չեք դիտարկում:
– Ներկա իրավիճակում ես տեսնում եմ, որ կառավարությունը զգոն չի այդ առումով և չի արձագանքում առկա մարտահրավերներին: Կառավարությունը ուղղակի կենտրոնացել է ներքին որոշակի խնդիրների վրա, դրանք է համարում մարտահրավերներ, կամ սոցիալական որոշակի հարցեր է համարում մարտահրավերներ ու մտածում է, որ պետությունը, տնտեսությունը, էկոնոմիկան ինքն իրեն կգնա առաջ կամ կզարգանա: Ամենակարևորը՝ չի խոսվում պետական անվտանգության երաշխիքների մասին, տնտեսությանը ջերմորեն չեն դիմում, որ վստահություն առաջացնեն: Ցածր մակարդակի վրա է այլ երկրների հետ համագործակցությունը, որը նույնպես հույսեր չի առաջացնում և վտանգներ է ստեղծում Հայաստանի համար: Հայաստանը հայտնվել է համարյա ինքնամեկուսացված վիճակի մեջ: Կորոնավիրուսը հերիք չէր, հիմա մենք էլ նաև քաղաքական, դիվանագիտական տեսանկյունից ենք մեկուսացել:
– Այսինքն՝ ակնկալում եք ընտրությունների արդյունքում ունենալ բոլորովին նո՞ր որակի կառավարություն:
– Այո՛, մեզ նման կառավարություն է պետք: Պարզապես նաև հարց է, թե ժամանակային առումով ինչ կհասցնի անել նոր կառավարությունը: Բայց նաև ուզում եմ ասել, որ եթե ներկայիս կառավարությունը կարողանա արագ արձագանքել մարտահրավերներին, ապա մինչև ընտրություններ ահագին բան կարող է անել: Դրանով այս կառավարությունը կարող է ավելի շահեկան վիճակում հայտնվել ապագա ընտրությունների ապագա արդյունքների մասով: Բայց եթե այս պրոցեսը շարունակվի, որը որ հիմա մենք ունենք՝ և՛ ժամանակի մեջ տանուլ կտանք, և՛ արդեն ընտրություններից հետո այս իրավիճակը կստեղծի նախապայմաններ, որ կողմերը ընտրությունների արդյունքներով բավարարված չլինեն, և սկսվեն նոր երևույթներ, որոնք լրացուցիչ ժամանակ կծախսեն:
– Եվ այդ վիճակը կարող է տնտեսության համար կործանարար լինել:
– Գիտեք, շատերին թվում է, թե տնտեսության կործանվելը քարի նման մի բան է, գլորում ես, տանում ես, գցում ես մի փոս ու վերջացնում: Տնտեսությունը կարող է աննկատ, դանդաղ կործանվել: Տնտեսությունը կարող է կործանվել, որ իր զարգացման նախապայմանները հիմա չեն դրվում, հենասյուները չեն դրվում: Եվ, քանի որ անգամ տարածաշրջանում շատ լուրջ են վերաբերում մարտահրավերներին, մենք ակամայից հետ ենք ընկնում: Մենք հետ ենք ընկնում իրենց արագության պատճառով, ինչպես նաև նրա պատճառով, որ համահունչ չենք արձագանքում մեր մարտահրավերներին: Այ սա է ավելի վտանգավոր: Թե չէ տնտեսության կործանում ասելով՝ պետք չէ հասկանալ, որ անմիջապես ինքը պետք է փլուզվի և վերջ: Այն, որ տնտեսությունը կսկսի դանդաղ տեմպերով աշխատել, որ կսկսի աղքատություն և գործազրկություն զարգանալ, կսրվեն սոցիալական խնդիրները, այն, որ կսրվեն դեմոգրաֆիական խնդիրները, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ շատ մարդիկ հիասթափվեն ու հեռանան Հայաստանից, այ սա է կործանարարը: Դրա համար եմ ասում, որ քաղաքական ուժերը պետք է ուշադրությամբ հետևեն, որ իրենց գաղափարական մոտեցումները առաջնահերթ առաջացնեն այն լավատեսությունը պետության նկատմամբ, որ ժողովուրդը չարտագաղթի և ցանկանա մնալ իր երկրում։