Այս տարի թեև կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկել է գյուղացիներին աջակցելու համար, սակայն գյուղացիները բոլորովին էլ գոհ չեն: «Առաջին լրատվականի» հետ զրույցում «ԲիԷսՍի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը տեսակետ հայտնեց, որ կառավարության կողմից ակտիվություն կա, որպեսզի ոլորտում որոշակի փոփոխություններ արվեն, բայց դրանք կետային են արվում:
Նրա խոսքով, համալիր, համակարգված մոտեցում դեռ մշակված չէ: Ս.Գևորգյանը նշեց, որ դրա համար բավականին օբյեկտիվ պատճառներ կան՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար երկար ժամանակ է հարկավոր:
«Այս պահին գյուղատնտեսությունն այնքան հիվանդ է, որ կետային մոտեցումներ են պետք, որ այն ոտքի կանգնի, բայց նման մոտեցումը երկարաժամկետ առումով արդյունավետ չի լինում: Այս պահի դրությամբ 3-5 տարվա ծրագրեր մշակելը բավականին բարդ է: Անգամ մյուս տարվա մասին մտածելն է բարդ, քանի որ գյուղատնտեսությունը շատ ռիսկային է»,- ասաց Ս. Գևորգյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում միակ փրկությունը երկարաժամկետ ծրագրերն են:









































