Այն, որ հայտնի իրադարձություններից հետո շարունակում ենք ապրել անորոշ ժամանակաշրջանում, փաստ է, սակայն որևէ քայլեր, կոնկրետ առարկայական գործողություններ իրավիճակների հստակեցման վերաբերյալ դեռևս չենք տեսնում, բացի նրանից, որ հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին։
Հայաստանի Հանրապետությունն ինչ-որ դիրքորոշում ունի՞ Արցախի հարցի վերաբերյալ․ «Առաջին լրատվական»-ի քաղաքագետ Բենիամին Պողոսյանը պատասխանեց․ «Իրոք, շատ դժվար է այդ հարցադրմանը պատասխանել, որովհետև եթե հենվենք մեր արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունների վրա, այո, այնտեղ նշվում է, որ Արցախի ժողովրդի իրավունքը պետք է հարգվի, հակամարտությունը դեռ լուծված չէ և ուժով հակամարտությունը լուծելու փորձերն անընդունելի են։ Այնտեղ անընդհատ շեշտվում է դեօկուպացիայի մասին, սակայն դեօկուպացիայի մասով չկա որևէ հստակություն, թե ընդհանրապես ինչ է հասկանում Հայաստանի Հանրապետությունը դեօկուպացիա ասելով։ Այսինքն՝ որ տարածքները պետք է դեօկուպացվեն։
Գոնե Արցախի Ազգային ժողովը քայլ արեց և հայտարարություն ընդունեց՝ Արցախի ԱԺ-ն համարում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բոլոր այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, համարվում են օկուպացված տարածքներ։ Իմ գնահատմամբ՝ ճիշտ կլիներ, որ նման հայտարարությամբ հանդես գար մեր Ազգային ժողովը։ Դա չէր ունենա իրավական պարտադիր ուժ, որպեսզի չլինեին շահարկումներ, որ դրանով մենք կլարենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, կամ այլ խաղացողների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։