«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։
– Պարոն Պողոսյան, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումից հետո կայցելի Երևան և Բաքու։ Երեկ նրա հատուկ ներկայացուցիչը ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղի շուրջ։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս այցելությունից, արդյոք գործուն ջանքեր կգործադրվե՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու ուղղությամբ։
– Հուսով եմ, որ նման քայլեր կարվեն։ Հասկանալի է, որ եթե Մինսկի խումբը չգոյատևի, հարցը «կգնա ԵԱՀԿ-ի ձեռքերից»։ Բայց իրենք շահագրգռված են, որ նման բան տեղի չունենա։ Այդ պատճառով էլ գալիս են, որ Մինսկի խմբի ֆորմատի շարունակության մասին քննարկումներ անցկացնեն։
– Հնարավո՞ր է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շուրջ առարկությունների մասին խոսք լինել։
– Մինսկի խմբի համանախագահները եթե սկսեն նորից աշխատանք իրականացնել, ապա դա պետք է անեն զրոյից՝ ելնելով այսօրվա հողի վրա առկա իրականությունից։ Այնպես որ, իմ պատկերացմամբ՝ նրանք որևէ բան չեն չեղարկելու, պարզապես զինադադարի համար հիմք են ընդունելու ոչ թե 1994 թվականի համաձայնագիրը, այլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Մնացած ամեն ինչ նույնն է մնացել, ու այդպես էլ պետք է շարունակեն։
– Այսինքն՝ հումանիտար հարցեր, Արցախի կարգավիճակ…
– Հնարավոր է սկզբում հումանիտար հարցեր քննարկվեն, հետագայում վստահության վերականգնում։ Իրենք իրենց քաղաքական խնդիրը պետք է լուծեն։ Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, այլևս լուծելու հարց չկա, իսկ Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունն ասում են, որ հարցը լուծված չէ։ Մինսկի խմբի համանախագահ կարծես բոլոր երկրներն էլ ասել են, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի։ Ես կարծում եմ, որ հենց առաջին օրը բարձրացվող հարցը պետք է լինի գերիների հարցը։ Թող այդ հարցը բարձրացնեն բոլոր մակարդակներով։ Եթե չի ստացվում վերադարձնել, թող խոսեն սանկցիաների մասին։ Խոսելու թեմաները շատ են։ Հարցն այստեղ այն է, որ դրանով պետք է զբաղվի նաև երկրի դիվանագիտությունը։ Իսկ մեր երկիրը կաթվածահար է։ Այսօրվա կառավարությունը Ալիևին ո՛չ պատասխանում է, ո՛չ խոսում է։ Թող հեռանա, գա նոր բանակցող, ու ֆորմատը աշխատի։ Չէ՞ որ ԵԱՀԿ-ին էլ է պետք ձայն հանող կառավարություն, ձայն հանող Արցախի Հանրապետություն։ Եթե մենք պահանջատեր չլինենք, այդ խումբն ի՞նչ անի, ինչպե՞ս աշխատի։
– Ալիևը խոսում է խաղաղության մասին, ասում է՝ ինչու է Հայաստանին պետք օպտիմալացնել բանակը, եթե արդեն կա հաստատված խաղաղություն։ Մենք կարո՞ղ ենք խոսել հաստատված խաղաղության մասին, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս ուղղությամբ ևս պետք է աշխատանք իրականացնի։
– Դրա մասին միայն Ալիևն է խոսում ու Հայաստանում ինչ-որ փոքր խումբ։ Կա՞ հաստատված խաղաղություն։ Խաղաղ ձևով գալիս ու GPS-ով մեր հողերը տանում են, խաղաղ ձևով ասում են, որ Արցախ գոյություն չունի, խաղաղ ձևով մեր գերիներին պահում են, իսկապե՞ս կա խաղաղություն։ Հնարավոր է փողոցում մեկը լինի, որ ասի՝ Շուշին էլ ադրբեջանական է, բայց արդյոք հայ ազգը այդպե՞ս է մտածում։ Համայն հայությունը հարցը չի համարում փակված, չի համարում, որ կա խաղաղություն։ Ցավոք սրտի, նոյեմբերի 9-ին ստորագրածը ընդամենը զինադադար է ու ինչ-որ չափով պատերազմի հետաձգում՝ մեր սերնդից գուցե մեր երեխաներին։ Եթե ստացվի, որ մեր սերունդը կարողանա դա ավարտին հասցնել ու մեր երեխաներին խաղաղություն փոխանցել՝ ավելի լավ։