Գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է։ Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է այդ սահմանը։ Թանկանում են ոչ միայն պարենային, այլ նաև ոչ պարենային ապրանքները։
Ո՞րն է թանկացումների հիմնական պատճառը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը պատասխանեց․ «Թանկացումները սպասելի էին։ Դրանք բազմագործոն են։ Առաջինը՝ հետպատերազմական հետևանքներն են։ Որպեսզի պետությունը կարողանա հոգալ պատերազմից հետո Հայաստանի և Արցախի բնակչությանը հասցրած վնասները, ստիպված եղավ իրականացնել ավելի քան քսան սոցիալական աջակցության ծրագրեր, որոնց նպատակով փետրվարի 1-ի դրությամբ ծախսվել է 61 մլրդ դրամ գումար։ Գումարներ է ծախսել նաև Արցախի կառավարությունը։ Այսինքն՝ շրջանառության մեջ դրամ է մուտք գործել։ Բայց այս պարագայում մարդկանց գնողունակ պահանջարկը չի բարձրացել, մարդկանց պահանջարկն այդ ապրանքների նկատմամբ պակասում է, և այդ հարաբերության պայմաններում պետք է լիներ գնաճային գործոն»։
Իսկ տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն ասաց․ «Պետք է արձանագրենք, որ համավարակն ու հետպատերազմական իրավիճակն անշուշտ պետք է ստեղծեին գների բարձրացման նման միջավայր։ Արձանագրվեց, որ ունենք և՛ առաջարկի շոկ, և՛ պահանջարկի շոկ։ Այս առաջարկն ու պահանջակն իրենց տատանումներով՝ երկու պարագայում էլ մենք ունենք անկում, ազդում են գնաճի վրա։ Բնականաբար, գնաճն անխուսափելի էր։ Այստեղ ես նաև կկարևորեի համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։