
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է հայ գերիների խնդրին: «Անցյալ տարի հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ՝ այս խնդիրները անհապաղ լուծելու համար»,- գրել է կոնգրեսականը՝ գրառմանը կցելով The Wall Street Journal-ի հրապարակումը:
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը Ֆրանկ Փալոնի քայլը ողջունելի և դրական է համարում։ Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը պատշաճ ուշադրություն կդարձնի գերիների հարցին ու գործուն քայլեր կձեռնարկի, որպեսզի նրանք հայրենիք վերադառնան: «Տարբեր մարդիկ, կազմակերպություններ դիմում են այս խնդրանքով։ Հիմա, երբ Ֆրանկ Փալոնը նման բարձր մակարդակով է հարցը բարձրացնում, ես դա շատ կարևոր եմ համարում ու հույս հայտնում, որ կլինի պատշաճ արձագանք։ Գերիների հարցը չպետք է մոռացության մատնվի, նրանք մեր հայրենակիցներն են ու պետք է վերադառնան հայրենիք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու Ամերիկայի հայկական համագումարի ամենամյա քարոզչական արշավը՝ այս տարի վիրտուալ ձևաչափով։ Նա նշեց, որ քննարկման ընթացքում, որին իր մասնակցությունն է ունենալու նաև Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկի նախագահ Ադամ Շիֆը բարձրացնելու է նաև գերիների հարցը։ Այն կրելու է «Պաշտպանել մարդու իրավունքները ու թույլ չտալ վայրագություններ» խորագիրը։
Արփի Վարդանյանը նշեց, որ իր կարծիքով՝ հայ գերիների վերադարձի հարցը կդառնա առաջնահերթություն նաև Բայդենի վարչակազմի համար. «Մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Պետք է նաև շատ սառը ձևով մոտենանք ու ակտիվ աշխատանք տանենք նաև ինքներս։ Անընդհատ պետք է այդ մասին հիշեցումներ անենք, տարբեր մակարդակներով մարդկանց ուշադրությունը հրավիրենք այդ հարցի վրա։ Եթե մենք դա չանենք, ուրիշները իրենց հարցերը կբերեն առաջին պլան։ Աշխարհում կան տարբեր խնդիրներ, մենք պետք է այնպես անենք, որ մեր խնդիրը չմղվի հետին պլան։ Երբ ասում եմ մենք՝ նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին, ԱՄՆ-ում ապրող հայերին, հայկական կազմակերպություններին, հայերի աջակիցներին։ Յուրաքանչյուրս պետք է մեր բաժին ջանքը թափենք»։
Արփի Վարդանյանը նշեց, որ Ջո Բայդենը մշտապես կարողացել է աշխատել երկու կուսակցությունների հետ՝ թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների, և հիմա հույս կա, որ այս հարցը կլինի բոլորի ուշադրության կենտրոնում: «Բայց նորից եմ կրկնում՝ մենք չենք կարող նստել ու սպասել, որ Բայդենը քայլեր անի։ Անհատապես բոլորս պետք է մեր ջանքերը գործադրենք»,- եզրափակեց նա։