
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, «պատերազմ» են հայտարարել բրիտանական թագավորական ընտանիքին: Այդ մասին նրանք խոսել են ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, հաղորդում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին:
Հարցազրույցը կիրակի երեկոյան ցուցադրվելու է ամերիկյան CBS հեռուստաալիքով: Թագավորական ընտանիքը Հարիի և Մարքլի հարձակումներին մտադիր է պատասխանել «արժանավայել լռությամբ»: Բայց պատասխան կլինի ընտանիքի այն անդամների կողմից, որոնց դեմ ուղղված կլինի քննադատությունը: «Թագավորական ընտանիքը կարող է ընդունել և դիմակայել նման հարվածի, բայց ոչ առանձին մարդիկ: Թագավորական ընտանիքը չի պատերազմում, ի տարբերություն Սասեքսի դքսի և դքսուհու»,- նշվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է նաև, որ Եղիսաբեթ II թագուհին մտադիր չէ դիտել հարցազրույցը, բայց հաջորդ օրը նրան կտեղեկացնեն դրա բովանդակության մասին: