Ճապոնացի և ամերիկացի գիտնականները ExtremeTech տեխնոլոգիական բլոգում ասացին, որ միայն պարզունակ մանրէները կկարողանան գոյատևել Երկրի վրա 1 միլիարդ տարի հետո:
ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը Ճապոնիայի Տոհոյի համալսարանից Կացումի Օզակիին և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտից Քրիս Ռայնհարդին խնդրեց մոդելավորել մեր մոլորակի կլիման, որը կստեղծվի միլիարդ տարի հետո: Փորձը ցույց տվեց, որ այդ ժամանակ մթնոլորտում թթվածնի քանակը կնվազի գրեթե 100 անգամ` Արեգակի «ծերացման» և գերտաքացման պատճառով:
Մեկ միլիարդ տարի հետո, ըստ մասնագետների, Արեգակն այնքան կտաքանա, որ կքայքայի ածխաթթու գազը, իսկ դա էլ իր հերթին կսկսի ապակարբոնացման գործընթացը և կդադարի ֆոտոսինթեզը:
Նման պայմաններում կարող են գոյատևել միայն պարզունակ անաէրոբ մանրէները, որոնք գոյատևում են առանց թթվածնի: Նշվում է, որ նոր պայմանները նման կլինեն Երկրի վրա 4 միլիարդ տարի առաջ տիրող պայմաններին։