
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը
–Պարոն Միսկարյան, Նիկոլ Փաշինյանը սկսել է խորհրդարանական ուժերի հետ հանդիպումները արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Եթե ընտրությունները լինեն տարվա առաջին կեսին, ինչպիսի՞ խորհրդարան հնարավոր կլինի կազմավորել։ Արդյո՞ք հնարավոր կլինի համոզված ասել, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված կլինի այդ ընտրություններով։
-Խորհրդարանի որակը ոչ այդքան կախված է անցկացվելիք ընտրությունների ժամկետից, որքան թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններից հետո և ինչ հանրային տրամադրությունների միջավայրում կկայանան այդ ընտրությունները։ Կարծում եմ՝ որքան որ ճգնաժամը շուտ հաղթահարելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրությունը, այդքան էլ կարևոր է այդ միջավայրը ստեղծելը։ Եվ եթե մենք հանկարծ նույն օրենսգրքով, կայուն մեծամասնության մասին նույն կարգավորումներով, առանց Սահմանադրությունը հանրային լայն մասնակցությամբ փոփոխելու քաղաքական պայմանավորվածության, առանց ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելուն ուղղված քայլերի, հապշտապ գնանք արտահերթ ընտրությունների, ես չեմ բացառում, որ ստեղծվելիք Ազգային ժողովը կարող է իր որակական հատկանիշներով զիջել ներկայիս խորհրդարանին։ Էս խնդրի ու դրանից բխող ռիսկերի հետ չի կարելի հաշվի չնստել։ Հակառակ պարագայում մենք ոչ թե կլուծենք ճգնաժամը, այլ այն կտեղափոխենք մի քանի տարով, գուցե մի քանի ամսով։
–Սա կարճաժամկե՞տ, թե՞ միջնաժամկետ հեռանկարի համար լուծում կարելի է համարել։
-Սա չափազանց կարճաժամկետ լուծում չի կարելի համարել, եթե առհասարակ կարելի է լուծում համարել։ Արտահերթի բացակայությունը չի, որ հանգեցրել է նման վիճակի և արտահերթի կայացման փաստը չի, որ մեզ պիտի հանի այս վիճակից։ Խնդիրը շատ ավելի խորքային է և խորքային լուծումներ են պետք, որի մեջ ինչ խոսք արտահերթ ընտրությունները իրենց կարևոր տեղն ու դերը կունենան, բայց ինքն իրենով ընտրությունների երևույթը առանց վերոնշյալ քայլերի, կարող է ավելի խորացնել ճգնաժամը, ոչ թե լուծում լինել։
–Պարոն Միսկարյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը միշտ մասնակցել և հաղթել է ընտրություններին։ Իշխանությունն էլ վստահ է իր հաղթանակում։ Հիմա քաղաքացին արդյոք այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն կունենա՞ նոր ուժերին ընտրելու։ Որքանո՞վ իրական այլընտրանք կլինի։
-Ձեր նշած երկու կողմերից ոչ մեկը չի ասել, որ այդ արտահերթը լինելու է հենց հիմա, և ես հիմք չունեմ մտածելու, որ իմ ակնկալած փոփոխությունները տեղի չեն ունենալու։ Այդ իսկ պատճառով զերծ կմնամ մեկնաբանել այլընտրանքի ձևավորման կամ դրա անհնարինության մասին մեկնաբանությունից։