
Հայաստանը պետք է դառնա «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից»։ Այս մասին հայտարարում է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով Հայաստանի շուրջ ստեղծված օրհասական պաշտպանական-անվտանգային իրավիճակը թելադրում է օր առաջ ազատվել ռուս-թուրքական վերջին համաձայնություններով առաջացած անվտանգային վակուումից: Ըստ հայտարարության՝ ճշգրիտ հաշվարկված ծրագրի և վճռական ու հետևողական աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ի հետ նման դաշինքի կնքումը լիովին հավանական է, հատկապես ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի նոր քաղաքականության պարագայում:
Բևեռի անդամ կուսակցություններից՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ իրենց առաջարկը միակ ելքն է, և դրան մենք վաղուց պետք է պատրաստ լինեինք. «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը առհասարակ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն իր ծրագրային նպատակներն է հայտարարել։ Մենք ուրախ ենք, որ Ազգային ժողովրդավարական բևեռի մեր գործընկերները եկան այդ եզրակացության։ Այսպես կոչված, ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը, որն ունի երկու տասնյակից ավելի երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Թայվանը, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այս իրավիճակում շատ լուրջ գործոն է և կարևոր անվտանգության երաշխիք»։
Խզմալյանի խոսքով՝ անվտանգությունն այսօր հայության համար առանցքային հարց է. «Իսկ իշխանությունները՝ ինչպես նախկինները, այնպես էլ այսօրվանները, անվտանգությունը և հետևաբար ազգի ողջ ճակատագիրը բերեցին փակուղի՝ ռուս- թուրքական թակարդ։ Դրանից միակ արդյունավետ ելքը հենց մեր առաջարկն է։ Մենք արդեն քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք պատրաստում Միացյալ Նահանգներին ու շտապում մտնել երկխոսության մեջ՝ չսպասելով, որ մեր ստրկամիտ իշխանությունները այդ գործառույթը վերցնեն իրենց վրա»։
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ո՛չ իշխանությունների և ոչ էլ, այսպես կոչված, 17 կուսակցությունների դաշինքի հետ հույս չեն կապում. «Պարոն Պուտինը փարատեց բոլոր կասկածները՝ ասելով, որ Փաշինյանն ու Քոչարյանը իրենց համար նույն արժեքն ունեն։ Այսինքն՝ իրականում ոչ մի սև ու սպիտակ չկա։ Կա մի գորշ մոխրագույն զանգված, որոնց միացնում է հավատարմությունը պուտինյան խունտային»։
Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանն էլ «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» դառնալը կարևոր ու անհրաժեշտ քայլ է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գասպարյանն ասաց. «Ինչքան շուտ դա արվի, այնքան լավ։ Մենք վստահ ենք, որ այս իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկի։ Ընդ որում, շեշտեմ, որ դա ՆԱՏՕ-ի անդամություն չէ։ Շատերի համար սա հասկանալի չէ, կամ չեն ցանկանում, որ հասկանալի լինի։ Հատուկ կարգավիճակ է, ոչ դեկլարատիվ, պաշտոնական։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այն շնորհում է այն երկրներին, որոնք ցանկանում են և պատրաստ են նման ձևի գործարքի»։
Գասպարյանը ևս թվարկեց այն երկրները, որոնք ունեն այդ կարգավիճակը, նաև նշեց, որ հավանական է, որ այս տարի նման կարգավիճակ ստանա նաև Ուկրաինան։ Կիևը դիմել է դեռ մի քանի տարի առաջ՝ Ղրիմի հայտնի իրադարձություններից հետո։
Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ այդ կարգավիճակը ենթադրում է, որ Միացյալ Նահանգներն այդ երկիրը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի ոչ անդամ, բայց կարևոր դաշնակից, որին պարտավորված է զինել զենք-զինամթերքով, նաև համատեղ զորավարժություններ անցկացնել, համատեղ զենքի արտադրություն։
Վահե Գասպարյանի խոսքով՝ բացի ռազմական կոմպոնենտից՝ առ այն, որ մեր բանակը հնարավորություն կստանա զինվել ամերիկյան զենքով, փորձով, սա նաև շատ լուրջ քաղաքական զսպող մեխանիզմ կլինի մեր թշնամիների համար. «Մի բան է, որ իրենք գիտեն, թե Հայաստանը դաշնակցում է միայն Ռուսաստանի հետ, որի հետ նրանք շատ հեշտ կարող են պայմանավորվել, կաշառել ու լեզու գտնել (ինչպես որ անում են, ու դա ցույց տվեց նաև այս պատերազմը), մի այլ բան է, երբ գիտեն, որ Հայաստանն ունի աշխարհում միակ իրական գերտերություն համարվող Ամերիկայի դաշնակցի կարգավիճակը, ու այլևս Հայաստանի հետ նման կերպ վարվելը հղի է շատ լուրջ հետևանքներով։ Այնպես որ, բացի ռազմական բաղադրիչից, այդ կարգավիճակը նաև լուրջ զսպող դեր կկատարի»։