Այսօր՝ Մարտի 5-ը, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: «Այսօր առաջին անգամ էր, որ «Եռաբլուր»՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցի էինք գնում այն իրավիճակի պայմաններում, որ ստեղծվել է Հայաստանում՝ որպես պատերազմի հետևանք, և այն իրավիճակի պայմաններում, որ ստեղծվել է մեր բանակում: Ես տեսա մարդկանց, որոնք Վազգենին հավատարիմ էին, և ոմանք գլխահակ էին, որովհետև Վազգենի և իրենց հաղթանակը ինչ-որ առումով մսխված է: Ոմանք դեռ հավատով էին լցված Վազգեն Սարգսյանի այն խոսքի հանդեպ, որ 21-րդ դարը մերն է լինելու, ոմանք այդ հավատը կորցրած էին: Ինձ համար շատ ծանր այցելություն էր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Արայիկ Մանուկյանը:
Նա նաև հավելեց, որ Վազգեն Սարգսյանը միավորում էր բոլորին. «Պետք է հիշենք, որ նա 90-ականներին, երբ ստեղծում էր հայոց բանակը, շատ ավելի դաժան իրավիճակ էր, քան այսօր»:
Ի՞նչ պիտի անեինք, որ Հոկտեմբերի 27 չլիներ: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ 90-ականների հսկայական պոտենցիալը, որ հաղթանակած շավիղի մեջ էր պահել երկիրը, Հոկտեմբերի 27-ով ջախջախվեց: «Պետք է ձևավորված լինեին պետական, քաղաքական և ռազմական անվտանգության բոլոր այն կառույցները, որոնք կկանխեին մեր երկրի քաղաքական վերնախավի նկատմամբ հրապարակային, դառը, ճակատագրական «մահապատիժը»: Համարում եմ, որ դա միջազգային դավադրություն էր, հանցագործություն, որի պատասխանները մինչև վերջ չունենք»:
Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ բանակում այսօր չունենք Վազգեն Սարգսյանի նման հեղինակություն. նա թույլ չտվեց՝ քաղաքականությունը մտներ բանակ ու խրամատներ:
Մանրամասն՝ տեսանյութում: