Ակնառու է, որ չնայած Վազգեն Մանուկյանին և, այսպես ասած, 17-ի արմատական միավորմանը աջակցության մասին հայտարարություններին՝ Ռոբերտ Քոչարյանը խաղում է միայնակ և խաղում է ավելի ու ավելի նկատելի: Ռոբերտ Քոչարյանն անշուշտ 17-ի համար չէր կազմակերպել ասուլիսը ռուսական լրատվամիջոցներին, ինչը երկրորդ նախագահից պահանջել է թերևս որոշակի ջանք: Մոսկվայի ասուլիսում նա ևս մեկ անգամ հաստատել է արտահերթ ընտրությանը մասնակցելու իր պատրաստակամությունը՝ դրանով առնվազն առայժմ վերստին տարբերակվելով 17-ից և դրսևորելով իր հակասությունը մասնավորապես Սերժ Սարգսյանի՝ 17-ում իր գլխավոր մրցակցի հետ:
Սերժ Սարգսյանը այդ իրողությանը կարծես թե պատասխանում է Նիկոլ Փաշինյանի հետ դիմակայությունը խորացնելու կամ սրելու միջոցով՝ այդպիսով դառնալով փաստորեն նրա «գլխավոր» հակառակորդը և ստեղծելով տպավորություն, որ Փաշինյանի դեմ պայքարում ինքն է առավել արմատական և կոշտ՝ դրանով իսկ թերևս հաշվարկելով կասկած խորացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս իմաստով հանգամանքը բավականին նկատելի է:
Խոսքը երկուստեք կասկած խորացնելու, նախկին համակարգի համակիրների շրջանակում մեկը մյուսի հանդեպ կասկած սերմանելու ձգտումն է՝ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ, Սերժ Սարգսյանն այժմ կարծես թե՝ Ռոբերտ Քոչարյանի:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին խաղում է այս իրողության վրա, ինչի դրսևորումներից մեկն էլ մարտի 1-ի հանրահավաքն էր, որտեղ նա ոչ մի անգամ չտվեց Ռոբերտ Քոչարյանի անունը, մյուս կողմից՝ ԳՇ ընդվզման պատասխանատվությունը դրեց Սերժ Սարգսյանի վրա:
Արդյոք հանրահավաքում «խնայելով» Ռոբերտ Քոչարյանին՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց, այսպես ասած, խթանե՞լ երկրորդ նախագահի հանդեպ իրենց համակիրների շրջանում կասկած խորացնելու կամ սերմանելու Սերժ Սարգսյանի ձգտումը: Իրավիճակն անշուշտ հարաբերական է, որովհետև մյուս կողմից՝ Փաշինյանը վերստին բարձրաձայնեց արտահերթ ընտրության օրակարգը, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ դրան համաձայն լինելը: