ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, իր վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հեռախոսազրույցում, աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններով, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի տրամադրվածությունը Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցում՝ «Ռուսաստանի կողմից ագրեսիայի» պայմաններում: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Երկու առաջնորդներն էլ համաձայնել են, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պետք է պահպանվի սերտ երկկողմ համագործակցությունը, որը հետագայում հիմնվելու է վերջին տարիների ձեռքբերումների վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Վրաստանի համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Վրաստանի Պաշտպանական պատրաստության ծրագիրը (GDRP): Ուշադրության կենտրոնում էին անվտանգության երկարաժամկետ համագործակցության ծրագրերը, որոնք հստակորեն սահմանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան Վրաստանի Պաշտպանության ուժերի երկարաժամկետ զարգացման գերակայությունները: