ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրապարակել է ազգային անվտանգության ռազմավարության որոշակի դրույթներ, որոնք նախանշում են վարչակազմի մոտեցումները համաշխարհային հարցերում: Այստեղ կան շատ կարևոր արձանագրումներ, որոնք համակ ուշադրություն պետք է պահանջեն Հայաստանում: Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ շեշտը դնելու են դիվանագիտական գործիքների վրա, իսկ ռազմականին դիմելու են, երբ դիվանագիտականն այլևս անզոր է: Սա, իհարկե, նշանակալի ազդակ է աշխարհին, նկատի ունենալով այն, որ ԱՄՆ առաջնահերթ է դիտարկում դիվանագիտական հարթությունը և առաջարկում աշխատել այդտեղ, միաժամանակ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատրաստ է գործել ուժային դաշտում: Ընդ որում, այստեղ կա առանցքային մի դրույթ: Պենտագոնին առաջարկվել է հրաժարվել «հնացած կառավարման համակարգերից և ստեղծել նորագույն զենքեր»: Այս հայտարարությունը այն մասին է, որ ԱՄՆ նոր վարչակազմը պատրաստվում է նոր նշաձող թելադրել համաշխարհային ուժային բալանսում, և այդ իմաստով, հաջորդ պատերազմների մասին խոսելիս մենք պետք է մտածենք այլևս ոչ թե 5-6 սերնդի, այլ ավելի բարձր մարտահրավերների մասին: Իսկ դա հույժ կարևոր է՝ հասկանալու համար, թե մենք ինչ հեռանկարից պետք է կառուցենք հայկական նոր զինուժը։ Նոր այն իմաստով, որ դրա արդիականացումը կենսական և անբեկանելի խնդիր է, և պետք է լուծել հարցը՝ ինչպես: Հարց, որը դժբախտաբար պետք է լիներ Հայաստանի ներքաղաքական, հասարակական-քաղաքական դիսկուրսի առանցքային թեմաներից մեկը, քաղաքական պայքարի առանցքային բովանդակային ուղենիշներից մեկը: Դրա փոխարեն, սակայն, մենք տեսնում ենք բանակի գործոնի պարզունակ քաղաքական շահարկումների մի շքերթ, որի առիթը տվեց հայկական գեներալակազմը՝ ԳՇ պետի գլխավորությամբ: Այն դեպքում, երբ գեներալակազմը պետք է այդ առիթը տալու փոխարեն ուղղակի զգաստանալու «ապտակ» տար քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին՝ կոչ անելով դադարեցնել անբովանդակ պայքարը ընդամենը իշխանության ու փողի համար, և ձեռնամուխ լինել պետության, այդ թվում՝ բանակի վերականգնման և արդիականացման խնդիրների լուծման շուրջ քննարկումների: Առավել ևս, որ մեր շուրջը ոչ ոք ոչ միայն կանգնած չէ և մեզ չի սպասում, այլ փորձում են անցնել առաջ՝ հնարավորինս մեծ արագությամբ:
Այստեղ առանցքային հարցերից մեկն այն է, որ ԱՄՆ-ն իր սահմանած նոր նշաձողերով թերևս գծելու է նաև իր աշխարհաքաղաքական հեռանկարների, այսպես ասած, աշխարհագրությունը, այդ թվում՝ դաշնակիցների և գործընկերների իմաստով: Իսկ այստեղ ուշադրության է արժանի նաև այն, որ Բայդենի վարչակազմը ազդարարում է, թե Ռուսաստանը ապակառուցողական խաղացող է, իսկ ԱՄՆ միակ մրցակիցը ներկայումս Չինաստանն է: Այլ կերպ ասած, Նահանգների նոր վարչակազմը թերևս ազդարարում է մի հանգամանք, որ փոխզիջումային հակում ավելի շուտ դրսևորվելու է Չինաստանի, ոչ թե Ռուսաստանի ուղղությամբ: Բանն այն է, որ փոխզիջման գնալու անհրաժեշտություն առաջանում է կենսունակ մրցակցի հետ հարաբերությունում, երբ աներկբա առճակատումը կարող է վնաս հասցնել նաև քեզ, որովհետև մրցակիցդ կենսունակ է: Եվ այդ իմաստով, բավականին լուրջ ուշադրության է արժանի այն, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին չի համարում մրցակից, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի նվազ է դառնում Ռուսաստանի հետ լայն փոխզիջման հնարավորությունը, եթե, իհարկե, Ռուսաստանը չճանաչի, որ գլոբալ իմաստով այլևս մրցակից չէ և լոկ ռեգիոնալ տերություն է՝ իր հավակնության համեմատ սահմանափակ ներուժով: