Շուկան բոլորովին չի ձերբազատվել մենաշնորհներից և որոշ ապրանքատեսակների գծով նրանք են թելադրում գները ՀՀ-ում:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ օրինակ շաքարավազի գինը ԱՎԾ տվյալներով վերցված է 391 դրամ, սակայն դա ավելի քան 3.5 անգամ գերազանցում է մաքսային սահմանի վրա դրա ներմուծման արժեքին (106 դրամ), իսկ այդ գինը բոլորին հայտնի է, որ թելադրում է Սամվել Ալեքսանյանը: Նույն կերպ են վարվում նաև մյուս մենաշնորհատերերը` Գագիկ Ծառուկյան և այլք, որոնք մշակում, արտադրում ու ներմուծում են նվազագույն պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքներ:
«Այս իրավիճակը տիրում է նաև այլ ոլորտներում՝ բուսական յուղ, մարգարին, հաց, հացամթերք, ձավարեղեն: Փաստորեն, իշխանությունների կողմից հովանավորվող մենաշնորհատերը ժողովրդի նվազագույն աղքատիկ պարենային զամբյուղի հաշվին ստանում է գերշահույթներ, դրանով իսկ իր բիզնեսը դարձնում գերշահութաբեր` ի վնաս Հայաստանի քաղաքացիների»:










































