
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, որ պաշտոնական այց է կատարել Թուրքիա, այդ երկրում հայտարարել է, թե Թբիլիսին Երևանին ու Բաքվին առաջարկում է քննարկումների հարթակ և ով, եթե ոչ կովկասյան երեք երկրները պետք է որոշեն տարածաշրջանի ապագան: Դավիթ Զալկալիանիի հայտարարությունն ուշադրության է արժանի մի քանի առումով, այդ թվում և այն, որ հնչում է Թուրքիայում: Այն Թուրքիայում, որն առաջարկել է ռեգիոնալ գործակցության այսպես ասած 6-ի ձևաչափը՝ երեք կովկասյան երկրներ, նաև Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Վրաստանը դեմ է արտահայտվել այդ ձևաչափին, ընդգծելով, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքներ և չի կարող լինել գործակցություն առանց այդ խնդիրների լուծման:
Թուրքական առաջարկի հետ խնդիրներ ունի նաև Հայաստանը, որովհետև Հայաստանն էլ այժմ ունի Արցախի տարածքների օկուպացիայի խնդիր: Միևնույն ժամանակ մեծ է հավանականությունը, որ Թուրքիան Հայաստանի մասնակցությունը դիտարկում է այսպես ասած հայկական հարցից հրաժարվելու մի շարք պայմաններով: Հայաստանը մեծ հաշվով դեռևս համապարփակ գնահատական չի տվել, թե ինչպես է վերաբերում ռեգիոնալ գործակցության այդ ձևաչափին, թեև մյուս կողմից Երևանը իր դիտողություններն էր հայտնել իրանական նախաձեռնության առնչությամբ, որը ըստ էության թուրքական գաղափարին համահունչ մոտեցում է՝ 3+3:
Հայաստանը Իրանի արտգործնախարարի ռեգիոնալ այցի ընթացքում մատնացույց էր արել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմը, դրա հետևանքը, նշելով, որ ռեգիոնալ գործակցության լայն ձևաչափերի մասին խոսելու համար պետք է խոսել նաև պատերազմի հետևանքի մասին՝ Արցախի կարգավիճակ, տարածքների դեօկուպացիա, տեղահանվածների վերադարձ: Ակնառու է, որ ռեգիոնալ գործակցության ձևաչափերի մասին խոսակցությունը դեռ բավականին խմորային փուլում է: Ավելին, յուրաքանչյուր կողմ փորձում է այդ գաղափարները դիտարկել ընդամենը սեփական դիրքային պայքարի տրամաբանության մեջ, լավ պատկերացնելով, որ կովկասյան ռեգիոնում անգամ այս ստատուս-քվոն հաստատուն չէ: Հարցն այն է, թե ինչպես է այն փոխվելու՝ նոր պատերազմով, թե՞ քաղաքական քննարկումների և գործընթացների միջոցով: Եվ այստեղ իհարկե Վրաստանն ունի իր լուրջ մտահոգությունները, հաշվի առնելով այն, որ նոր պատերազմի ռիսկը այս դեպքում կարող է բավականին մեծ լինել վրացական ուղղությամբ:
Եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի և Իրանի հետ գործակցված առաջ մղել այսպես ասած Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ապաշրջափակման եռակողմ գործընթացը, ապա Վրաստանն ինչ որ իմաստով կհայտնվի ռեգիոնալ լուսանցքում՝ կորցնելով իր տարանցիկ մենաշնորհը: Ներկայումս Վրաստանի քաղաքական ներուժը զգալիորեն կապված է հենց այսդ մենաշնորհի առկայության հետ:
Մյուս մասը իհարկե ՆԱՏՕ-ի հետ սերտ գործակցությունն է, սակայն այստեղ Թբիլիսիի համար ոչինչ միարժեք չէ: Հնարավոր չէ վստահ լինել՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ կանե՞ն Վրաստանի հանդեպ որևէ նկրտում թույլ չտալուն ուղղված բավարար քայլեր, թե՞ կարող են Վրաստանն էլ հանձնել այսպես ասած ռուս-թուրքական փոխզսպման կամ երկակի զսպման քաղաքական տրամաբանությանը, ինչպես դե ֆակտո հանձնվեց Հայաստանը: Սրանք լուրջ հարցեր են, որոնք իհարկե պետք է լինեն նաև հայաստանյան քաղաքական օրակարգի առաջննահերթ քննարկելիք հարցերի թվում, Հայաստանի անելիքները որոշելու համար, մասնավորապես օգնե՞լ Վրաստանին չհայտնվել լուսանցքում, թե՞ նպաստել դրան: Իհարկե դա կախված է այն հանգամանքից, թե իր հերթին ինչ է պատրաստ Հայաստանի համար անել Թբիլիսին, որը Արցախի դեմ պատերազմում շատ բան էր անում Թուրքիայի ու Ադրբեջանի համար: