«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:
– Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը։ Նախկինում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հենց սրվում էր, Ղարաբաղից մտահոգված հայտարարություններ էին գալիս։ Ի՞նչ պետք է անի Արցախի խորհրդարանը։
-Ավելի շատ պետք է ասեմ, թե ինչ չպետք է անեն Արցախի խորհրդարանը և կառավարությունը՝ չպետք է բենզին լցնեն կրակի վրա, բայց այն ինչ կատարվում է, մտահոգում է բոլորիս․ գոյություն ունի անվտանգության հարց, ինչպես ասաց մեր կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը և կոչ արեց սթափվելու։ Այն հավաքները, որ տեղի են ունենում, բոլորիս էլ մտահոգում են։ Ըստ իս՝ Արցախի խորհրդարանը և բոլորս պետք է անենք այնպիսի աշխատանք, որ կրակի վրա բենզին չլցնենք։ Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ամրագրում է, որ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների գործընթացում: Ինչպես գիտեք, մենք ունենք մեկ թշնամի, և այդ թշնամին կանգնած չէ հրապարակներում կամ Երևանում, մենք գիտենք՝ որտեղ է կանգնած թշնամին, և մենք պետք է համախմբվենք, իսկ թե ինչպես, ՀՀ ժողովուրդը պետք է որոշի։ Մենք տեսանք՝ մասսաների կողմից իրականացնող փոփոխությունները ինչպիսի հետևանքների են հանգեցնում, ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակ իր հետևից բերում է ավելի ոչ ստանդարտ իրավիճակներ, որը խարխլում է պետության հիմքերը։ Տեսեք՝ ինչ է կատարվում, ֆեյսբուքյան էջերը, սոցիալական ցանցերը դարձել են երկու զրոյով հույժ գաղտնի փաստաթղթերը տարածելու միջոց։ Այսպե՞ս պետք է պայքարենք մեր կազմակերպված հակառակորդի դեմ։ Մեզ 30 տարի ժամանակ է տրված, որ ունեցածն ամրապնդենք և տարած հաղթանակը նաև քաղաքական դաշտում ամրապնդենք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․ դուրս են գալիս անհասկանալի հայտարարություններով մարդիկ, մինչդեռ պետք է համախմբվեինք, որպեսզի և՛ ռազմական, և՛ քաղաքական տեսակետից անխոցելի լինենք։ Իսկ ինչ պետք է անի Արցախի խորհրդարանը․․․ Արցախի խորհրդարանը կրակի վրա բենզին չպետք է լցնի, իմ կողմից կոչ եմ անում ամեն ինչ անել օրենքի սահմաններում։
Այնպես չէ, որ ամեն ինչ մեր սրտով է և ամեն ինչ լավ է, մենք կորցրել ենք մեր տարածքների մեծ մասը, մեր հերոս տղաներին ենք կորցրել, և ամպագոռգոռ խոսողները պետք գնան նրանց տները, ներողություն խնդրեն նրանց մայրերից, կանանցից։ Տարիներ առաջ մեր իրականության խոշոր և ռազմական քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը ասում էր՝ ինչ պետք է անել, և եթե անեինք նրա ասածները, նման իրավիճակ չէինք ունենա։ Սամվել Բաբայանը միշտ ասում էր, որ մեր զինվորներին չպետք է հանեինք անօդաչուների դեմ, հիմա էլ նա կոչ է անում համերաշխության, հանգստության և սթափվելու։ 2000 թվականից այս կողմ նա միշտ այդ մասին հայտարարել է, և Արցախի մեր ժողովուրդը հիմա դնում է նրա հարցազրույցները նայում, ասում, որ նա ամեն ինչ գիտեր, բայց փաստորեն նրա խորհուրդները չէին ընդունվում։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը վարչապետի հրաժարականի պահանջի հետ կապված։ Արդյոք զինվորականությունը իրավունք ունի՞ խառնվել քաղաքականությանը։
– Գիտեք՝ ես 27 տարվա զինվորական եմ, բայց հիմա ամեն ինչ այնքան է խառնվել իրար, որ միանշանակ գնահատական տալ չի կարելի։ Ամեն մի գնահատական այս պահին կարող է դառնալ կրակի վրա բենզին լցնելու քայլ։ Այն, որ բանակն ունի մեկ խնդիր, դա մեր արտաքին թշնամին է, և մենք բոլորս գիտենք, և հայտարարության հետ կապված՝ հասկանում եմ նաև մեր սպաների մտահոգությունները, մեր զինվորների, գեներալների մտահոգությունները, բայց ես զերծ եմ մնում մեկնաբանություններ տալուց։
– Դուք նշում եք, որ Արցախի խորհրդարանը չպետք է խառնվի, բայց Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ շատ արագ հայտարարություն տարածեցին։
– Իրենք են հայտարարություն արել, իրենց մտահոգություններն էլ եմ հասկանում, բայց կրկնում եմ, այս պահին ամեն ինչ պետք է կատարվի զգույշ։ Թշնամի պետության ղեկավարի հայտարարությունները փոխվում են այնքանով, որքանով Հայաստանում դեստաբիլիզացիա է գնում, դրա համար եմ ասում, որ մեզ հարկավոր է կայունություն։ Մեր ժողովուրդը փորձում է սթափվել, միանշանակ, չի հաշտվում այն իրականության հետ, որ կորցրել ենք մեր ազատագրված տարածքները, և միանշանակ, այս մարդկանց ապակայունացում և սթրեսների տանել պետք չէ, մեզ հիմա կայունություն է պետք։
Եվ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը թող նստեն քննարկեն և ոչ թե պաշտոնի կռիվ տան, բոլորը մինչև չնստեն մի սեղանի շուրջ և զրուցեն, ելք չի լինելու։
– Կարծում եք՝ Սամվել Բաբայանի խորհուրդները՝ բանակը վերակազմակերպելու հետ կապված, գոնե հիմա պետք է կյանքի՞ կոչել։
– Նա ամեն բան ասում էր ճիշտ և ժամանակին, բայց մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ռազմական և քաղաքական այսպիսի կարևոր գործիչը, որն այն ժամանակվա Պաշտպանության բանակն էր ղեկավարում, որը մեր ազգին պարգևել է այս հաղթանակը, որը, ցավոք սրտի, այսօր մսխել ենք, մեր հազարավոր հայորդիներ այդ հաղթանակի ճանապարհին զոհվել են, անհայտ կորել, բայց նրանց հարազատները և ծնողները գլուխները բարձր են ման եկել, քանի որ նրանց անձնազոհությունը հաղթանակ է բերել, իսկ հիմա մենք ունենք շատ բարդ վիճակ և խորհուրդ կտամ քաղաքական ավանտյուրաներով զբաղվողներին գնալ և գլուխ խոնարհել պատերազմում զոհված հերոսների կանանց և մայրերի, երեխաների առաջ և ներողություն խնդրել։