Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2011 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է ամսական 62 հազար դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` ամսական 35 հազար դրամ:
Սակայն, ըստ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի, այս տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011 թ. I եռամսյակի պարենային զամբյուղի արժեքը կազմել է 36 հազար դրամ, այսինքն՝ երկրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը նվազել է: Տնտեսագետի հաշվարկներով այս թիվը կազմում է 37 հազար դրամ, այսինքն՝ աճ է գրանցվել: Նույն կերպ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ տնտեսագետի, կազմում է 111 հազար դրամ՝ պաշտոնական 62 հազար դրամի փոխարեն: «Սա է մարդու համար նորմալ պայմաններ ապահովելու գումարը, որը պետք է ստանա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- ասում է Մ. Արիստակեսյանը:
Ի դեպ, 2011 թ. II եռամսյակում պարենային զամբյուղը, 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 1.4 անգամ թանկացել է:
«Ահա հենց սա է իրական գնաճը բնութագրող ցուցանիշը, քանզի ՀՀ բնակչության շուրջ 70%-ը կազմող ՀՀ աղքատ քաղաքացիների համար ամենակարևոր հիմնախնդիրն այսօր նվազագույն պարենային զամբյուղի ապահովման խնդրի լուծումն է»,- նշում է տնտեսագետը:











































