
Սասեքսի դուքս Հարին ամերիկացի հայտնի լրագրող Օփրա Ուինֆրիին պատմել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի մասին: Հարցազրույցն ամբողջությամբ մարտի 7-ին ցուցադրվելու է CBS հեռուստաալիքով, հաղորդում է BBC-ն:
Արքայազն Հարին մտահոգություն է հայտնել, որ Ուելսի արքայադստեր հետ տեղի ունեցածը կրկնվում է նաև իր հետ:
Հարցազրույցի տարածված հատվածներից մեկում Բրիտանիայի թագուհու թոռը նշել է, որ ուրախ է, որ իր համար այս դժվարին ժամանակահատվածում կողքին է կինը՝ Մեգան Մարքլը:
Դուքսի խոսքով, նա չի կարող պատկերացնել, թե ինչերի միջով է անցել արքայադուստր Դիանան, երբ 1996թ.-ի օգոստոսին ամուսնուց՝ Ուելսի արքայազն Չարլզից բաժանվելուց հետո, լքել է թագավորական ընտանիքը: Այդ ժամանակ նա հրաժարվել է նաև իր «թագավորական բարձրություն» տիտղոսից:
Սասեքսի դքսուհին խոստովանել է, որ թագավորական ընտանիքից հեռանալը խորը հետք է թողել իրենց վրա:
«Երկուսիս համար էլ աներևակայելի դժվար էր, բայց գոնե միասին էինք»,- ասել է արքայազն Հարին:
2020թ.-ի հունվարին արքայազն Հարին և Մեգան Մարքլը որոշեցին հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից և ֆինանսական անկախություն ձեռք բերել Բուքինգհեմյան պալատից: