Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Սեյրան Օհանյանը չպետք է բանակի անունից սպառնար ժողովրդին. Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ա․ Հ․-ի ցուցմունքը։

2008թ․, իմ հիշելով փետրվարի վերջերին, չեմ հիշում՝ քանի օր առաջ էր, բայց մինչև մարտի 1-ի իրադարձություններն էին, վերադաս հրամանատարությունից, հավանաբար կորպուսի հրամանատարից եմ տեղեկացել, որ հրաման է տրվել, որ անցնում ենք զորանոցային վիճակի։ Ներկայումս չեմ հիշում այդ ժամանակ այդ կապակցությամբ գրավոր հրաման եղե՞լ է, թե՞ ոչ, սակայն հնարավոր է, որ եղած լինի, ամեն դեպքում եթե եղել է, դրան ծանոթացել եմ, քանի որ նշված ժամանակ հրամանների ծանոթացումը կատարվում էր ցուցակով, գրված էին լինում մեր տվյալները, և մենք մեր անունների դիմաց ստորագրում էինք։ Բայց արդեն նշեցի, որ չեմ հիշում։ Թե այդ հրամանն ում կողմից էր արձակվել, ես տեղյակ չեմ, սակայն կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից էր հրամանը։ Թե ինչի համար էին հայտարարել զորանոցային վիճակ, ես կոնկրետ չգիտեմ, սակայն այդ ժամանակ նախագահական ընտրություններից հետո Երևանում ցույցեր էին, հանրահավաքներ էին տեղի ունենում և բոլորիս համար էլ պարզ էր, որ զորանոցային վիճակը հայտարարվել էր մայրաքաղաքում տեղի ունեցող այդ իրադարձությունների պատճառով։  Նաև իմ կարծիքով, որ անձնակազմը տեղերում լինի և չմասնակցի ցույցերին։ Արդեն մարտի 1-ին եղել եմ կորպուսում, որը տեղակայված էր Սովետաշենում, ԶԼՄ-ներից եմ տեղեկացել, որ այդ օրը՝ գիշերը, Երևան քաղաքում, մասնավորապես կենտրոնական փողոցներում տեղի են ունեցել անկարգություններ, հրկիզումներ, նաև՝ զոհեր, սակայն ես և մեր անձնակազմը դրան մասնակից չենք եղել, բայց Սովետաշենում այդ օրը գտնվելու ժամանակ լսել եմ, որ քաղաքում կրակոցներ են, սակայն թե կոնկրետ այդ կրակոցները որտեղ էին տեղի ունենում, չգիտեմ, ուղղակի լսել եմ կրակոցների ձայները։ Նշեմ, որ այդ ժամանակ մեր կորպուսի ենթակայության տակ էին գտնվում Նուբարաշենի զորամասը, այսպես կոչված, Ստալիչնի պոլկը, Էջմիածնի և Լենինականի ՈՒՌՈՒ գնդերը, սակայն իմ տեղեկություններով՝ այդ օրը, ի նկատի ունեմ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների օրերին, մեր նշված զորամասերի անձնակազմերը զորամասերից չեն հանվել և մայրաքաղաքի որևէ վայրում չեն տեղակայվել, այլ մնացել են գնդերում և այդ իրադարձություններին որևէ միջամտություն չեն ունեցել։ Միայն արդեն, չեմ կարող օրը հստակ հիշել, մարտի 1-ի ցերեկն էր, մարտի 2-ին էր, թե 3-ին, սակայն հստակ հիշում եմ, որ այդ իրադարձություններն արդեն եղել էին, քանի որ մայրաքաղաքում վիճակը հանգիստ էր, ՀՀ պաշտպանության նախարարությունից հրաման է եկել կորպուս, ես արդեն չեմ հիշում, այդ հրամանը գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր և ում կողմից էր կոնկրետ արձակվել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունից էր, հրաման տրվեց, որ Սովետաշենի գնդի զրահատեխնիկաները, չեմ կարող հիշել, թե քանի հատ, սակայն ՀՄՄ-1-եր էին, մի քանի հատ, դրանց շարժին ականատես չեմ եղել, սակայն տեղակայվել են Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր փոստի հետնամասում, թե ինչ նպատակով, կոնկրետ այդ կապակցությամբ հանձնարարություն չեմ հիշում, սակայն իմ կարծիքով, որ կանխվեն հետագա ցույցերը կամ դրանք տեղի ունենալու դրանց միջոցով կանխվի։ Թե այդ տեխնիկաների հետ մեր ենթակա զորամասերից այլ անձնակազմը Երևան քաղաքի այլ փողոցներում տեղակայված եղե՞լ է, թե՞ ոչ՝ ես տեղեկություններ չունեմ։ Ես տեղյակ եմ միայն այդ մի քանի զրահատեխնիկաներից, քանի որ այդ օրերին մի քանի անգամ եղել եմ նշված վայրում, զրահատեխնիկաները տեղակայված էին արդեն նշեցի փոստի շենքի հետևում, անձնակազմը շատ չէր, ամեն տեխնիկան իր անձնակազմով՝ յուրաքանչյուրը երեք, ժամկետային զինծառայողներ էին՝ իրենց սպաներով։ Իսկ մի քանի օր անց ես կորպուսի հրամանատարի կողմից հրաման եմ ստացել գնալ Էջմիածնի ՈՒՌՈՒ գունդ, որտեղ ամեն օր նշված զորամասից ինձ հետ միասին մոտ 3-4 հոգի ծառայություն ենք կատարել Հոկտեմբերյանից գալուց Էջմիածին քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի տարածքում, ուղղակի կանգնեցնում էինք ավտոմեքենաները, ստուգում էինք՝ զենք կա՞, թե՞ ոչ։ Նպատակն այն էր, որ քաղաք զենք չբերեն։ Այդ ամենը տևել է մինչև մարտի կեսերը, որից հետո այդ վիճակին ավարտ են տվել։ Նորից եմ կրկնում, 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին, իմ տեղեկություններով, մեր կորպուսի անձնակազմը զորամասերից դուրս չի բերվել, իրադարձություններին որևէ մասնակցություն չի ունեցել, մեր անձնակազմը, այսինքն, ումից, որ տեղյակ եմ, խոսքն այդ մի քանի զրահամեքենաների  մասին է, դրան հաջորդող օրը կամ օրերին տեղակայվել են Հրապարակում գտնվող գլխավոր փոստի հետնամասում, ներկայիս Էրեբունի հյուրանոցի դիմաց, սակայն կրկին որևէ միջամտություն չեն ունեցել, իմ կարծիքով, դրանց տեղակայումը պայմանավորված էր, որ թույլ չտան, որ կրկին ժողովուրդը հավաքվի և ցույցեր անի։

Հարց- Խնդրում եմ հստակեցրեք, Ձեր ղեկավարած բանակային կորպուսի անձնակազմից Երևան քաղաք որքա՞ն զինծառայող և սպայական անձնակազմ է տեղափոխվել, համահավաք գումարտակ (ներ)  կազմավորվե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ զինատեսակով են զինված եղել և ի՞նչ զինտեխնիկա է օգտագործվել։

Պատասխան- Ես տեղյակ եմ միայն այդ զրահամեքենաների անձնակազմից, որ մարտի 1-ի ցերեկը կամ հաջորդող օրը տեղակայվել է իմ նշած վայրում, տեխնիկաները մի քանիսն էին, կոնկրետ քանակը չեմ հիշում, ՀՄՄ-1 եր էին, կողային համարները ևս չեմ հիշում, անձնակազմը կլիներ մոտ 20 հոգի, ամեն տեխնիկան իր երեք հոգի անձնակազմով էր, ժամկետային զինծառայողներ՝ իրենց սպաներով, ես տեղեկություններ չունեմ, թե մեր կորպուսի ենթակա զորամասերից այլ զինծառայողներ տեղափոխվե՞լ են Երևանի այլ վայրեր, թե՞ ոչ, իմ տեղեկություններով՝ համահավաք գումարտակներ չեն կազմավորվել, իմ տեսածով՝ անձնակազմը զինված է եղել ինքնաձիգներով, իսկ զրահատեխնիկաները չեմ կարող ասել՝ իրենց սովորական բայեկամպլեկտո՞վ էին, թե՞ ոչ, չեմ ստուգել։

Հարց- Առաջարկում եմ պարզաբանել, թե ՀՀ զինված ուժերն ի՞նչ հիմքով, իրավական ո՞ր ակտերի հիման վրա են ներգրավվել Երևանում 2008թ․ մարտի 1-ին, դրան նախորդող և հաջորդող օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին։

Պատասխան- Ես կոնկրետ չեմ հիշում, սակայն միանշանակ դա եղել է վերադաս հրամանատարության հրամանների հիման վրա, ՀՀ պաշտպանության նախարարի, սակայն ես արդեն նշել եմ, որ հրամանների ձևը, ի նկատի ունեմ՝ գրավոր կամ բանավոր, և ծանոթացման պրոցեսը չեմ հիշում։

Հարց- ՀՀ պաշտպանության նախարարը, արդյո՞ք, իրավասություն է ունեցել ՀՀ զինված ուժերն օգտագործել ներքաղաքական իրադարձություններում։

Պատասխան- Ես այդ ժամանակվա Սահմանադրության ձևակերպումները չեմ հիշում, սակայն դրանով սահմանված էր, որ բանակը չպետք է ներգրավվի ներքաղաքական իրադարձություններում, և, ըստ այդմ էլ, իմ կարծիքով, ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու չէր ՀՀ զինված ուժերն օգտագործել ներքաղաքական իրադարձություններում։

Հարց- 2008թ․ դրությամբ գործող ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ Զինված ուժերին ի՞նչ լիազորություններ են վերապահված եղել։ Արդյո՞ք ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իրավասու են եղել ներգրավվել ներքաղաքական իրադարձություններում, եթե այո, ապա առաջարկում եմ հայտնել այն իրավադրույթները, որոնք նման իրավասություն են վերապահում ԶՈՒ ստորաբաժանումներին։

Պատասխան- Ես օրենքի բառերը չեմ հիշում, սակայն Սահմանադրությամբ բանակն ապահովում էր մեր երկրի սահմանների պաշտպանությունն արտաքին թշնամուց և արդեն նշել եմ, որ բանակը չէր կարող ներգրավվել ներքաղաքական իրադարձություններում։

Հարց- 2005թ․ ընդունված և 2008թ․ մարտի 1-ին գործող ՀՀ Սահմանադրության 8․2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողություն ներքո»։ 2008թ․ մարտի 1-ին, ինչպես նաև դրան նախորդած կամ հաջորդ օրերին, արդյո՞ք, առկա են եղել սահմանադրական հիշյալ նորմով ամրագրված իրադրություններից որևէ մեկը, եթե այո, ապա նշեք կոնկրետ իրադրությունը։

Պատասխան- Իմ հիշելով՝ այդ օրերին սահմանային իրավիճակը եղել է հանգիստ, երկրի անվտանգությանը և պաշտպանունակությանը սպառնացող վտանգ չի եղել արտաքին թշնամուց։

Հարց- 2008թ․ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը լիազորված է եղել ՀՀ զինված ուժերն օգտագործելու որոշում կայացնել միայն ռազմական դրություն հայտարարելու, զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության դեպքերում։ Նշված իրավադրույթին  համահունչ է 2008թ․ գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը։ Առաջարկում եմ հայտնել, թե առկա՞ էր հիշյալ իրավադրույթներով նախատեսված դեպքերից որևէ մեկը։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ երկրի սահմաններին հարաբերական հանգիստ էր, սահմանային վիճակը լարված չէր և ռազմական դրության վիճակ, զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության իրավիճակ չկար։

Հարց- Տեղյա՞կ եք, արդյոք, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին և ի՞նչ կարող եք հայտնել այդ հրամանի վերաբերյալ, մասնավորապես ե՞րբ, ի՞նչ նպատակով, ո՞ւմ հանձնարարությամբ է ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել թիվ 0038 հրամանը, ի՞նչ էր բովանդակում նշված հրամանը, ծանոթացրե՞լ են Ձեզ,  արդյոք, այդ հրամանի, թեկուզ և Ձեզ վերաբերելի մասով, այն ո՞վ և ի՞նչ ձևով է ծանոթացրել Ձեզ։ Ի կատարումն թիվ 0038 հրամանի՝ ի՞նչ գործողություններ են իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Պատասխան- Ես նման հրաման չեմ հիշում, չեմ հիշում նաև, որ ծանոթացած լինեմ, տեղյակ չեմ՝ այն ի՞նչ ընթացակարգով է արձակվել, այն ի՞նչ է բովանդակում, և դրանով ում և ինչ է վերապահված եղել։ Չեմ բացառում, որ նման հրաման եղած լինի այդ օրերին, սակայն ներկայումս այն չեմ հիշում։

Հարց- 2008թ․ մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին՝ դեռևս 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում։ Հրամանի քաղվածքում, մասնավորապես, հրամայվել է, որ Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը 2008թ․ փետրվարի 23-ին՝ ժամը 18․00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը։ Հրամայվել է նաև, որ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով։ (․․․)»։ Նույն հրամանով Երևան քաղաքի կայազորի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու․ Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գրեթե կարևորագույն վարչություններն ու բաժինները։ Ասացեք՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 2008թ․ փետրվարի 23-ին ստորագրված հիշյալ հրամանի համաձայն էր, որ Դուք Ձեր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումը օրեր անց՝ 2008թ․ մարտի 1-ին կամ նախորդ օրը տեղակայե՞լ եք Երևան քաղաք։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ նման հրամանին չեմ հիշում որ ծանոթացած լինեմ, սակայն գիտեմ, որ կար ՀՀ պաշտպանության նախարարի հրաման և կարծում եմ, որ հենց այդ հրամանի հիմքով էր, որ մեր կորպուսը , քանի որ արդեն նշել եմ, որ փետրվարի վերջերին մեր կորպուսի անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի և անձնակազմը, ի նկատի ունեմ, զրահատեխնիկաները տեղակայվել են Հանրապետության հրապարակում։

Հարց- Հրամանում նշվել է նաև, որ պետք է ստեղծվեն բարձր շարժողականությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝ կազմավորված տարբեր ստորաբաժանումների ծառայողներից, կոնկրետ հաշվարկներով։ Ի՞նչ կասեք, արդյո՞ք պաշտպանության նախարարի հենց թիվ 0038 հրամանի հիման վրա եք զրահատեխնիկաները պատրաստ պահել։ Ասացեք, ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումների զինծառայողներ 2008թ․ փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից հետո ի՞նչ խնդիրներ են լուծել, ի՞նչ գործողություններ են կատարել։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ այդ հրամանը չեմ հիշում, սակայն, իմ կարծիքով, հենց այդ հրամանի հիման վրա էր, որ մեր զրահատեխնիկաները տեղակայվել էին Հանրապետության հրապարակում և պատրաստ էինք պահում, ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումներին, ես այդ օրերին մի քանի անգամ, կոնկրետ օրերով չեմ հիշում, սակայն մարտի 1-ից հետո էր, գնացել եմ մեր զրահատեխնիկայի մոտ, տեսել եմ, որ Կառավարության շենքի մոտ տեղակայված են ռազմական ոստիկանության աշխատակիցներ, քանակը չեմ հիշում, ուղղակի ինքնաձիգներով Կառավարության շենքի դիմաց էին, հիշում եմ, որ Լենինի նախկին արձանի տարածքում տեսել եմ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի զինծառայողների, կրկին քանակը չեմ հիշում, ուղղակի նորից ինքնաձիգներով կանգնած էին։ Այլ ստորաբաժանումների զինծառայողների չեմ հիշում, նշված անձնակազմերի հետ չեմ առնչվել և տեղեկություն չունեմ՝ նրանք այդ օրերին ինչ գործողություններ են կատարել և ինչ խնդիրներ էին լուծում, երևի մեր ստորաբաժանումների նման իրենց ներկայությամբ կանխում էին, որ ցույցեր չլինեն, իսկ լինելու դեպքում կանխեն։

Հարց- Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխելիությանը որևէ սպառանալիք չի եղել, այդ դեպքում ինչո՞ւ էին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, այդ թվում՝ ձեր ենթակա զորամիավորումը՝ զրահատեխնիկայով բերվել Երևան քաղաք, ո՞ւմ դեմ էին այդ ստորաբաժանումներն օգտագործվելու, Երևան քաղաքում ինչի՞ց և ումի՞ց էին ԶՈՒ ստորաբաժանումները պաշտպանելու, ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնեին դրանք։

Պատասխան- Կոնկրետ այդ կապակցությամբ հրաման, հանձնարարություն չի եղել, ես ուղղակի իմ կարծիքը կարող եմ հայտնել, որ դրանք տեղակայվել էին, որպեսզի իրենց ներկայությամբ կանխեին հանրահավաքների, ցույցերի լինելը, իսկ դրանք լինելու դեպքում ցրեին։

Հարց- Ձեր ղեկավարած բանակային կորպուսը ե՞րբ է զորանոցային վիճակի բերվել և ի՞նչ ճանապարհով եք տեղեկացվել բանակային կորպուսը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ թիվ 0038 հրամանի մասին։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ այդ հրամանը չեմ հիշում, սակայն իմ հիշելով 2008թ․ փետրվարի վերջերին էր, մարտի 1-ից մի քանի օր առաջ, կորպուսի հրամանատարն է ասել, որ վերադաս հրամանատարությունից հրաման կա, որ պետք է անցնենք զորանոցային վիճակի, սակայն ինչ նպատակով, չի ասել, բայց բոլորիս համար էլ պարզ էր, որ դա պայմանավորված էր մայրաքաղաքում տիրող իրավիճակով, որ հանրահավաքներ և ցույցեր էին։

Հարց- Ըստ էության՝ նշված հրամանով ստեղծվել է զինվորական կառավարման նոր մարմին, ինչից ենթադրվում է, որ այդ մարմինն ունեցել է ռազմական գործողությունների ծրագիր, այլ խոսքով՝ պլան։ Նշված ծրագրի մասին իր հարցազրույցներից մեկում հայտնել է նաև այդ ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որում, մասնավորապես, հայտարարել է՝ «օպերատիվ շտաբ է ստեղծվել․ բա ո՞նց լիներ, բա բանակն էլ ո՞նց են կառավարում։․․․ իմ մոտ խորհրդակցություն եմ հավաքել, ինստրուկտաժ եմ արել, բա չանեի՞նք, պատկերացնո՞ւմ եք՝ բերեինք ու չակառավարեինք», ապա նշել է․ «Ես հայտարարում եմ, որ բանակի ծրագրային ֆունկցիան եղել է՝ մնալ կառավարության շենքում»։ Ասացեք, եթե ռազմական ոստիկանության ստորաբաժանումները հրահանգ են ունեցել՝ մնալ Կառավարության շենքում, Դուք Ձեր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումով դիրքավորվել եք Հանրապետության հրապարակում, ապա բանակային մյուս ստորաբաժանումները որտե՞ղ են տեղակայվել․ Երևան քաղաքի ո՞ր հատվածներում, ո՞ր օրը և ո՞ր ժամերին, որո՞նք էին ծրագրով բանակային ստորաբաժանումներին վերապահված գործառույթները։

Հարց- Ես որևէ ծրագիր-պլանից տեղեկություն չունեմ, ես արդեն նշել եմ, որ հրապարակում Կառավարության շենքի դիմաց տեսել եմ ռազմական ոստիկանության աշխատակիցների, իսկ Լենինի նախկին արձանի վայրում ռազմական ինստիտուտի զինծառայողների, սակայն թե նրանք որ օրվանից էին այնտեղ, ինչ գործառույթներ էին իրականացնում, ես տեղյակ չեմ, ես նրանց տեսել եմ այդ մի քանի անգամ, երբ իջել եմ մեր զրահատեխնիկաների մոտ, կարծում եմ, որ նրանց խնդիրն այն էր, ինչ որ կատարում էին մեր ստորաբաժանումները, այսինքն՝ հանրահավաքների կանխումը։

Հարց- Ասացեք՝ 2008թ․ մարտի 1-ին, դրա նախորդող կամ հաջորդող օրերին արտակարգ դրություն հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր օրը, ո՞ր ժամին և ի՞նչ իրադարձություններից ելնելով է հայտարարվել արտակարգ դրություն։

Պատասխան- Ես կոնկրետ չեմ հիշում՝ արտակարգ դրություն եղե՞լ է, թե՞ ոչ, կարծում եմ, որ այդ ժամանակից էլ, երբ մեզ բերել են զորանոցային վիճակի, այդ ժամանակ էլ եղել է արտակարգ դրություն, դրա մտցնելը, կարծում եմ, որ պայմանավորված էր Երևանում ցույցերի անցկացման հետ։

Հարց- 2008թ․ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված է, որ ՀՀ նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ ՀՀ  նախագահը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։ Ինչպես երևում է Սահմանադրության նշված դրույթներից, զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրություն հայտարարելու դեպքում, իսկ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում՝ ոչ։ Դուք նշեցիք, որ ՀՀ սահմանների վրա ոտնձգություններ չեն եղել, սահմաններում ամեն ինչ նորմալ է եղել։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ինչու, ինչ հանգամանքներից ելնելով  են զինված ուժերի ստորաբաժանումները, այդ թվում՝ զինտեխնիկան, տեղափոխվել Երևան և օգտագործվել արտակարգ դրության ռեժիմում։

Պատասխան- Մենք զինվորականներ ենք և կատարել ենք վերադասի հրամանները, որոնք ընդունված չէ քննարկել և մեկնաբանել, սակայն ներկայումս վերլուծելով այդ ամենը, կարող եմ ասել, որ մեր ներգրավումը եղել է անօրինական, ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն դա մենք չենք որոշել։

Հարց- Արդյո՞ք զինված ուժերի օգտագործումն արտակարգ դրության ռեժիմում ուղղված է եղել հենց ցուցարարներին ցրելուն, հանրահավաքները կանխելուն կամ առնվազն ցուցարարների վրա զենքի ուժով հոգեբանական ճնշում գործադրելուն։ Ի՞նչ կասեք։

Պատասխան- Ես արդեն նշել եմ, որ մեր առաջ կոնկրետ խնդիր չի դրվել, սակայն ես արդեն կարծիք հայտնել եմ, որ մեր զրահատեխնիկաների տեղակայումը նպատակ ուներ կանխելու մարդկանց, ցուցարարների հավաքվելը, ես չեմ հիշում՝ զրահատեխնիկաները բայեկապլակետով էին, թե՞ ոչ, բայց հենց նրանց առկայությունը արդեն բավարար էր ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն։

Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև ՀՀ նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01․03․2008թ․ հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի 0038 հրամանով՝ բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններում։ Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր։ Մասնավորապես՝ 2008թ․ մարտի 1-ին՝ ժամը 16․09-ին, 16․11-ին, և 16․27-ին, համապատասխանաբար՝ Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցում  գտնվող շուկայի դիմաց և Մելիք-Ադամյան փողոցում տեղակայվել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ, նույն օրը՝ ցերեկը, Հանրապետության հրապարակում կայանել է ՀՀ ՊՆ «ԲՌԴՄ»  տեսակի զրահամեքենա։ Հարկ է նշել, որ այդ կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են ուղղակի վկայություններ այն մասին, որ նշված ժամերին արդեն Երևան քաղաք տեղափոխվող զինվորական շարասյուններին ուղեկցելու գործառույթն  իրականացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներով տրանսպորտային միջոցներ և զինծառայողներ, ովքեր զինված են եղել ինքնաձիգներով։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ ՀՀ ՊՆ զինված ուժերն Երևան քաղաք են բերվել մինչև արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումը։ Ընդ որում, ըստ այդ վկայությունների, բանակային հինգ կորպուսներից մեկական վաշտ՝ 100-120 զինծառայողներով, մոտեցվել է Երևանին, այդ թվում՝ 3-րդ բանակային կորպուսից մի քանի զրահատեխնիկա, որոնք նույն օրն ավելի ուշ տեղակայվել են Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկներում։ Ասացեք, արդյո՞ք, Դուք կապ տեսնում եք ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի և 2008թ․ մարտի 1-ին ՀՀ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումները Երևան քաղաքի տարբեր փողոցներում տեղակայելու միջև։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ իմ տեղեկություններով մեր բանակային կորպուսից միայն զրահամեքենաներն են մարտի 1-ից հետո տեղակայվել Հանրապետության հրապարակում, այլ ստորաբաժանումներից տեղյակ չեմ այդ օրվա, քանի որ գտնվել եմ կորպուսում, իսկ կապ նախարարի հրամանի և զորքերի տեղակայման մեջ տեսնում եմ, քանի որ բացառվում է, որ այդ ստորաբաժանումները  նաև զրահատեխնիկաները,  առանց պաշտպանության նախարարի գիտության,  իրենց տեղակայման վայրերից բերվեին Երևան քաղաք։

Հարց- ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը վերնագրվում է՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ, ապա սկսվում հետևյալ կերպ․ «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը։ ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով՝ հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը և թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը»։

ՀՀ նախագահի 2008թ․ մարտի 1-ի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում նշված է, որ Երևան քաղաքում արտակարգ դրությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Հրամանագրով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Ասացեք, ուղղակի պատճառահետևանքային կապ տեսնո՞ւմ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի, որն արձակվել է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման նպատակով և վերջինիս կողմից արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի միջև, որով արտակարգ դրությունը վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Պատասխան- Միանշանակ տեսնում եմ, քանի որ բացառված է, որ ՀՀ պաշտպանության նախարարն առանց Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի բանակը ներքաշեր այդ իրադարձություններում։

Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008թ․ փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ նախագահի մոտ։ Ասացեք՝ 2008թ․ փետրվարի 22-ին անցկացված խորհրդակցությանը Դուք մասնակցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա անվանական նշեք նաև այդ խորհրդակցությանը մասնակցած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անունները, այդ խորհրդակցության ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ որոշումներ են կայացվել, ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ հանձնարարականներ է տրվել։ Եթե չեք մասնակցել, ապա ի՞նչ է Ձեզ հայտնի դարձել այդ խորհրդակցության մասին նշված հարցադրումների կապակցությամբ։

Պատասխան- Նշված խորհրդակցությանը չեմ մասնակցել և դրա ընթացքի ու բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։

Հարց- Ի՞նչ ծառայողական պարտականություններ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը 2008թ․ դրությամբ գործող օրենսդրությամբ։

Պատասխան- Այդ ժամանակվա գործող օրենսդրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պարտավոր էր ապահովել զինված ուժերի մարտական պատրաստությունը և պատրաստակամությունը, մարտական խնդիրների իրականացումը և կենսագործում էր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանները բանակում։

Հարց- Բանակային տարբեր կորպուսներից զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժը, Երևան տեղափոխումն արդյո՞ք Սեյրան Օհանյանի գիտությամբ է իրականացվել։

Պատասխան- Քանի որ արդեն նշեցի, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ապահովում էր ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների իրագործումը բանակում, ուստի միանշանակ պնդում եմ, որ բացառվում էր առանց Սեյրան Օհանյանի գիտության բանակային կորպուսների զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժը։

Հարց- Արդյո՞ք , լինելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Սեյրան Օհանյանը պետք է տեղյակ լիներ այդ առումով գրված հրամանների բովանդակությանը և զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժի մասին։

Պատասխան- Իմ կարծիքով՝ նա առաջին հերթին տեղյակ պետք է լիներ բոլոր հրամանների մասին, քանի որ նրա միջոցով էր, որ այդ հրամանները պետք է իրագործվեին բանակում։

Հարց- Եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն իրականացրել է իր ծառայողական պարտականությունները, այն է՝ իրականացրել է սահմաններում մարտական հերթապահության ճիշտ և օպերատիվ կազմակերպումը, ապա ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ նա 2008թ․ մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ դիմել է ժողովրդին՝ ուղերձով, որում, մասնավորապես, նշել է, որ նախորդ օրը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվելով, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։ Նա իր ուղերձում պարզաբանել է, որ արտակարգ դրությունը, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների , երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում, կոչ է արել ժողովրդին զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում ՝ մեր զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը։ Ս․ Օհանյանը նաև նախազգուշացրել է, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության և, որ նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Սեյրան Օհանյանը, լինելով զինվորական, ունե՞ր իրավասություն արդյոք նման կոչով հանդես գալ ժողովրդի առջև, ստանձներ, ըստ էության, հասարակական կարգի և անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնող օրինազանց քաղաքացիների նկատմամբ որևէ միջոցներ ձեռնարկելու լիազորություն։ Այսինքն՝ Ս․ Օհանյանի հիշյալ ելույթը Դուք բռնությո՞ւն եք դիտարկում։

Պատասխան- Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը, որպես զինվորական և սպա, իրավունք չուներ  և իրավասու չէր նման կոչով հանդես գալու, միանշանակ նրա կոչը բռնություն եմ դիտարկում, և նա չպետք է բանակի անունից սպառնար ժողովրդին։

Հարց- 2008թ․ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստորաբաժանումներ ներգրավվե՞լ են, արդյոք, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք, թե ո՞ր ստորաբաժանումներն են ներգրավվել, յուրաքանչյուր ստորաբաժանումից քանի՞ ծառայող են եղել, ի՞նչ զինատեսակներով են զինված եղել, տրանսպորտային ի՞նչ միջոցներով են տեղափոխվել Երևան, որտե՞ղ են տեղակայվել և ի՞նչ գործողություններ են կատարել։ Այդ ստորաբաժանումները զենք և հատուկ միջոցներ կիրառե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, կոնկրետ ովքե՞ր, ո՞ւմ հրամանով են գործադրել և դրա արդյունքում ի՞նչ հետևանքներ են առաջացել։

Պատասխան- Ես արդեն նշել եմ, որ այդ օրերին մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված մեր անձնակազմի մոտ գնացել եմ մի քանի անգամ, սակայն ես որևէ տեղ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստորաբաժանումների չեմ հանդիպել։

Հարց- Ինչպես նշվեց, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի ուժով ստեղծվել է արտահաստիքային ստորաբաժանում՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ և կայազորի աշխատանքները կոորդիանցոնղ վարչակազմը նշված օրերին տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում։ Դուք այցելե՞լ եք կառավարության շենք, թե՞ ոչ, հանդիպե՞լ եք  Յուրի Խաչատուրովի հետ, թե՞ ոչ, հանձնարարականները, ցուցումներն ու հրամանները ո՞ւմից եք ստացել, եթե այցելել եք կառավարության շենք, հետևապես Դուք պետք է տեղյակ լինեիք այցելած հրամանատարական մյուս կազմի, այդ թվում՝ պաշտպանության բանակի ղեկավարների զեկույցների, վերջիններիս տրված Խաչատուրովի հրամանների ու հրահանգների մասին։

Պատասխան- Ես նշված օրերին կառավարության շենք չեմ գնացել և Յուրի Խաչատուրովին չեմ հանդիպել։ Ես իմ գործողությունների վերաբերյալ հանձնարարությունները, մասնավորապես՝ Էջմիածին գնալու, այնտեղ ծառայություն կատարելն իրականացրել եմ մեր կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ։

Հարց- Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ այդ օրերին Յուրի Խաչատուրովը կառավարության շենքում խորհրդակցություններ է հրավիրել, որին մասնակցել են նև բանակային կորպուսի հրամանատարները, քննարկվել է Երևան քաղաքում տիրող իրավիճակը, կատարվելիք գործողությունները, տրվել են հստակ հանձնարարություններ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ես այդ խորհրդակցություններից տեղյակ չեմ, նման խորհրդակցությունների չեմ մասնակցել, մեր կորպուսի հրամանատար Մակարյանը նշված խորհրդակցությունների վերաբերյալ ինձ հետ խոսակցություններ չի ունեցել։

Հարց- Ձեր զրահատեխնիկաների շարասյան անվտանգ տեղափոխումն այլ վայր ո՞ւմ կողմից է ապահովվել՝ ՀՀ ոստիկանությա՞ն, թե՞ ռազմական ոստիկանության կողմից։

Պատասխան- Ես տեղյակ եղել եմ, որ զինտեխնիկան տեղափոխվել է, դրա ուղեկցմանն ականատես չեմ եղել, սակայն սովորաբար մեր շարասյունների ուղեկցումը կատարվում է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Բայց թե այդ ժամանակ ուղեկցում եղե՞լ է, թե՞ ոչ՝ չգիտեմ։

Հարց- Նշված օրերին Դուք հանդիպել, առնչվել կամ տեսե՞լ եք ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե՞ ոչ։ Տեղյա՞կ եք, արդյոք, ինչ գործառույթային պարտականություններ է կատարել Վլադիմիր Գասպարյանը։

Պատասխան- Ես այդ օրերին Վլադիմիր Գասպարյանին չեմ հանդիպել և նրա հետ չեմ առնչվել, նրա ծառայողական պարտականություններից տեղյակ չեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում