Ամերիկացի տիեզերագնացներ Քեթլին Ռուբինսը և Վիկտոր Գլովերը կիրակի օրը լքել են կայանը և դուրս են եկել բաց տիեզերք՝ ՄՏԿ-ում հին արեգակնային մարտկոցների ապամոնտաժում ու նորերի տեղադրում իրականացնելու համար: Նրանք ՄՏԿ-ից դուրս են եկել Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, սկաֆանդրների ավտոնոմ սնուցումը նախատեսված է վեցուկես ժամվա համար:
NASA-ն նշել է, որ առաջին արևային մարտկոցները կայանում տեղադրվել են 2000թ.-ին և նախատեսված են եղել 15 տարվա համար, բայց աշխատել են երկու տասնամյակ: Ռուբինսը և Գլովերը նախապատրաստական աշխատանքներ են իրականացնելու, իսկ նոր մարտկոցները տեղադրվելու են ավելի ուշ: Հաջորդ բաց տիեզերք ելքը նախատեսվում է մարտի 5-ին, իսկ Ռուբինսի գործընկերը կլինի ճապոնացի տիեզերագնաց Սոիտի Նոգուտին: