
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է, որ Ղարաբաղում «Իսկանդեր»-ը չի օգտագործվել, և որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել։ Արդյոք սրանով ակնհայտ չի՞ դառնում, որ իրավիճակի մեղավորը նաև վարչապետի հրաժարականը պահանջող զինվորականներն են։
– Ռուսաստանը չէր կարող չարձագանքել «Իսկանդեր»-ի հետ կապված վարչապետի հայտարարությանը։ Հարցն այստեղ վերաբերում է ռուսական զենքի պատվին։ Ռուսաստանն աշխարհում զենքի խոշորագույն արտահանող պետություններից է։ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրն իրոք հզոր է, ու այստեղ իրենց պատվի հարցն է։ Չի բացառվում, որ բացի Հայաստանից, «Իսկանդեր» են տվել նաև այլ պետությունների, հնարավոր է նաև՝ Բելառուսին։ Ու ստացվում է, որ այս զենքն անորակ է՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն այն գովազդում է որպես 21-րդ դարի լավագույն զինատեսակ։ Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանի՝ որպես զենք արտադրող պետության պատվի հարցն է, ու Մոսկվան չէր կարող չարձագանքել։ Այժմ քննարկենք, թե ինչպես կարող էր արձագանքել։
Կարող էին պաշտոնական մակարդակով կոշտ քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դուք հիշում եք, որ վերջին երկու օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին քննադատեցին Ռուսաստանում բոլորը՝ փորձագետները, Ռուսաստանի Դումայի պատգամավորները, զինվորականները՝ բացառությամբ պաշտոնական Մոսկվայի։ Քանի որ պաշտոնական Կրեմլը չէր ուզում քննադատել, իրենք բացատրության ձև գտան՝ ասելով, որ, իրենց տվյալներով, «Իսկանդեր» Ղարաբաղում չի օգտագործվել։ Իսկ դուք գիտեք՝ երբ մի պետություն մեկ այլ պետության զենք է տալիս, այդ պետությունը, իսկ տվյալ դեպքում՝ Հայաստանը, պարտավոր է տեղյակ պահել զենք տվող պետությանը, թե ինչ է անում այդ զենքի հետ։ Նույնը նաև Միացյալ Նահանգներում է։ ԱՄՆ-ն էլ իր ամենաժամանակակից զենքերը, ռազմական կործանիչները երբ վաճառում է, օգտագործող պետությունը ունի պարտականություն տեղյակ պահելու, չի կարող օգտագործել՝ երբ ու ոնց ուզի։ Հիմա Ռուսաստանն ասում է՝ մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանը չի օգտագործել։ Իրենց բացատրությունից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին ապակողմնորոշել են, որևէ խնդիր չկա, մեր զենքն իր տեղում է գտնվում։ Այդ պատասխանը քաղաքական է։ Այն կլիներ կոշտ միայն մի դեպքում, եթե Կրեմլը ուզենար քննադատել Նիկոլ Փաշինյանին։
– Իսկ ինչո՞ւ Կրեմլը չցանկացավ քննադատել Փաշինյանին, կա՞ նպատակ պահելու նրա իշխանությունը։
– Ես կարծում եմ՝ կան մի քանի պատճառներ։ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ու այնտեղ կան դրույթներ, որոնք պետք է իրականացվեն։ Պարզ է՝ Կրեմլին ձեռնտու չէ փոխել նրան այս փուլում։ Ակնհայտ է, որ Կրեմլը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, որպեսզի այդ փաստաթղթի դրույթներն իրականացվեն։ Ես չեմ ասում, որ իշխանափոխությունից հետո այդ համաձայնագիրը կյանքի չի կոչվի, բայց կան դրույթներ, որ Կրեմլը չի ուզում վերանայել կամ խնդիրների բախվել։ Այս առումով Կրեմլը չի ցանկանում, որ Հայաստանն այլ մարդ ներկայացնի։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Կրեմլը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ունի բավականին բարձր վստահության քվե։ Իհարկե, այդ վստահության քվեն այնքան չէ, ինչքան 2018 թվականին, բայց մեր հաշվարկներով՝ մոտավորապես 40-45 տոկոս է։ Կրեմլը դա գիտի ու հասկանում է՝ դուրս գալ հայ ժողովրդի դեմ հատկապես այն պատերազմից հետո, երբ նա ակնհայտորեն չաջակցեց հայ ժողովրդին, իր համար լի է խնդիրներով։ Այսօր էլ Կրեմլը Ղարաբաղի հարցում շարունակում է պրոադրբեջանական քաղաքականություն վարել, դա նույնիսկ քննարկման առարկա էլ չէ։ Եթե Պուտինը հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է՝ դրանից ավելի պրոադրբեջանական մոտեցում լինել չի կարող։ Բայց Կրեմլը զգուշավոր է հայ ժողովրդին իր դեմ տրամադրելու հարցում ու այնքան էլ հակված չէ, որ այստեղ իշխանափոխություն իրականացվի։ Այո՛, մենք բոլորս գիտենք, որ իրենք հիացած չեն հեղափոխությունից, ունեն վերապահումներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց այս փուլում չեն գնա սուր գործողությունների։ Ու դա է պատճառը, որ «Իսկանդեր»-ի հետ կապված պատմությանը նրանք պաշտոնական մակարդակով այդքան ցավոտ չարձագանքեցին։
– Չե՞ք կարծում արդյոք, որ դրսում 17 ուժերը հույսը դրել են Կրեմլի վրա, որ նրա աջակցությամբ գան իշխանության։
– Պարզ է, որ իրենք կփորձեն օգտագործել իշխանությունների խնդիրները Կրեմլի հետ։ Ավելին՝ երբ այդ հայտնի հայտարարությունը եղավ «Իսկանդեր»-ի հետ կապված, նույնիսկ Մոսկվայում դեռ չէին արձագանքել, իրենք արդեն արձագանքեցին, աղմուկ բարձրացրին, սկսեցին քննարկել ռուսական զենքի որակը։ Ընդդիմությունը իշխանությունների ցանկացած խնդիր Մոսկվայի հետ կօգտագործի։ Բացի այդ՝ չէի ասի, թե իրենք թաքցնում են իրենց սերը Ռուսաստանի նկատմամբ։ Իրենք Եվրամիության, Հայաստանի այլընտրանքների հետ համագործակցության ցանկացած մտքի վրա հարձակվում են, սկսում պիտակավորել, կապել նման բան ասող մարդուն տարբեր հիմնադրամների հետ։ Իրենց արշավը հիմնադրամների ու այդ մարդկանց դեմ պատահական չէ։ Իրենք բավականին պրիմիտիվ պրոռուսական մոտեցում ունեն կամ գոնե այդպիսի տպավորություն են թողնում։