Ադրբեջանը շարունակում է փնտրել հայերի ցավոտ կետերը և սեղմել դրանք, խոսքը գերիներին պահելու և տարածքային խնդիրների մասին է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Հայաստանի արտաքին մարտահրավերներին:
«Որոշ դեպքերում կարելի է նկատել, որ Ադրբեջանը միտումնավոր սեղմում է հայերի ցավոտ կետերին, քանի որ նրանք վերցնում են տարածքներ, որոնց կարիքը չունեն և պահում են գերիների, որոնց կարիքը նույնպես չունեն՝ սրելով իրավիճակը»,- ասաց Իսկանդարյանը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի մասին` քաղաքագետը նշեց, որ փորձեր արվում են վերակենդանացնել կամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ինչ-որ ձեւաչափ, քանի որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը հակամարտության կարգավորման մասին չէ, այն կրակի դադարեցման մասին է:
« Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության երաշխիքի մասին նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ոչ մի բառ չկա: Ըստ այդմ, փոխգործակցության ձեւաչափ գտնելու փորձեր կլինեն, այդ փնտրտուքը արդեն ընթանում է և կշարունակվի: Բավականին հավանական տարբերակներից մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պահպանումն է»,- եզրափակեց Իսկանդարյանը: