Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը հավաստող փաստաթուղթն ու հուշամեդալը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:
Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան:
Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ ջերմ զրույցի ընթացքում Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին: