Մեր նորագույն պատմության աննախադեպ ճգնաժամային հանգրվանում ենք գտնվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը:
Նրա դիտարկմամբ՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունը՝ և դրան ի պատասխան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ամբողջությամբ նկարագրում են ճգնաժամի խորքը, բովանդակությունը, նաև ինչ-որ իմաստով քաղաքական շրջանակների անհամարժեքությունը, որոնց անգործությունը և նաև քայլերը հանգեցրին այս վիճակին: «Վերջին երեք ամիսների խմորումներն ու իրադարձություններն ուղիղ կապ ունեն զինվորականության՝ նախօրեին առաջադրած հրաժարականի պահանջի հետ: Անհերքելի է, որ զինվորականների պահանջը կապ ունի նախկին իշխանավորների և նրանց սպասարկող քաղաքական ուժերի քաղաքական պահանջների հետ: Դա մի ընդհանուր շղթայի կարևոր մասն է»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ԳՇ հայտարարությունը տեղավորվում է Վազգեն Մանուկյանի մատնանշած կայծակնային ապստամբության՝ «Պլան Բ-ի» տրամաբանության մեջ: «Այս հայտարարությունը զարգացումների կուլմինացիան էր, և քաղաքական ուժերը պետք է հասունություն հանդես բերեն հանուն մեր երկրի պետականության, հանուն քաղաքացիական պատերազմի բացառման և հանուն մեր բանակի, և թույլ չտան, որ զարգացումները անկանխատեսելի ընթացք ստանան»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ սեղանին Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և պետականության հարցն է:
«Հույս ունեմ, որ զինվորականները, որոնք կամա, թե ակամա են հայտնվել այդ ցուցակում (իմ տեղեկություններով՝ կան նաև այդ ցուցակում ակամա հայտնված զինվորականներ), կգիտակցեն իրենց բաժին պատասխանատվությունը պետության, քաղաքացու, Հայաստանի պատմության առաջ»,- նշեց Բաբաջանյանը: Նրա կարծիքով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությամբ, որին պետք է հաջորդեն կոնսուլտացիաներ, քննարկումներ արտահերթ գործընթացների շուրջ:
Զինվորականների երեկվա հայտարարությունը, Բաբաջանյանի գնահատմամբ, ռազմական հեղաշրջման փորձ էր. «Նույնիսկ եթե նրանք մտադրություն չեն ունեցել ուղղակի իշխանություն վերցնելու, հայտարարությունն ինքնին փորձ է Հայաստանում իշխանափոխության, հեղաշրջման: Այդ հայտարարությունը հակասահմանադրական է, հակաօրինական է և ոտնձգություն է Հայաստանի պետականության, ժողովրդավարության և ինքնիշխանության դեմ»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ պետությունն ու բանակը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահն անելիք ունի, պետք է իրավիճակից դուրս գալու խաղաղ ելք գտնել:
Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հայտարարությունները և վերաբերմունքը ուղեկցող ազդեցություն կունենան երկրում ընթացող գործընթացների վրա:
Մանրամասն՝ տեսանյութում: