«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով Արցախ և Հայաստան այցելած՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներն իր համերաշխությունն է հայտնում պատերազմից տուժածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Արցախ այցին ու տպավորություններին՝ Քուշները հայտնեց, որ այցելության նպատակը նախևառաջ պատերազմից տուժածներին, հիվանդներին աջակցություն ցուցաբերելն է:
Անվանի հումանիստ և բժիշկ Բեռնարդ Քուշներին արցախյան այցելության ընթացքում ուղեկցել են նաև մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն են ունեցել առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը, վերականգնում ենթակառուցվածքները, և խթանում տնտեսությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնեցին, որ բազմաթիվ գործընկերների հետ կյանքի կոչվող տեղական և միջազգային 57 նախագծերի իրականացման համար արդեն 581 հազար 740 ԱՄՆ դոլար է տրամադրվել,:
Ստեփանակերտում Քուշներն ու նրա ուղեկիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին: «Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանը՝ «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում և խթանում են տարածաշրջանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը:
«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը բուժական պրոցեսում ներգրավելու փիլիսոփայությամբ: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր և դրական: Ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշները:
Նրա գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Ստեփանակերտի այն վայրերում, որոնք ամենաշատն են տուժել պատերազմից: Նրանք զրուցել են «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «HALO Trust»-ի, որը քաղաքացիական տարածքները վնասազերծում է կլաստերային ռումբերից և այլ պայթուցիկներից՝ տեղահանված արցախցիների վերադարձի համար անվտանգ տարածք ստեղծելով: