
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը։ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ այս ուղերձը նա երեկ անձամբ է փոխանցել եվրոպացի գործընկերներին՝ տեսակապի միջոցով մասնակցելով նրանց գագաթնաժողովին։
«Սահմանափակումները գործի են դրվում ի պատասխան մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու և նրա աջակիցների ձերբակալության»,- պարզաբանել էր Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը։ Թե կոնկրետ ում դեմ են լինելու պատժամիջոցները՝ ԵՄ արտգործնախարարը չի հստակեցրել։ Լրատվամիջոցները, սակայն, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, պնդում են, թե այս փուլում սև ցուցակում են Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ու Ռոսգվարդիայի հրամանատար, նախագահ Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ով տարիներ առաջ հրապարակավ բռնության կոչեր էր հնչեցրել Նավալնու հասցեին ու խոստացել նրանից «համեղ բիֆշտեքս սարքել»։ Ըստ հաղորդումների՝ պատժամիջոցների տակ հայտնված այս անձինք կզրկվեն Եվրամիության տարածք մտնելու իրավունքից, նրանց հաշիվներն էլ կսառեցվեն։
Ռուսաստանի արտգործնախարարությունն ի պատասխան երեկ հայտարարել է՝ Եվրամիության պատժամիջոցներն անընդունելի են, Նավալնուն ազատ արձակելու պահանջները՝ անհեթեթ։ Ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սպառնացել էր, թե Մոսկվան կխզի հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դաշինքը խստացնի սահմանափակումները Ռուսաստանի հանդեպ։ Այս հեռանկարի մասին, սակայն, ՌԴ արտգործնախարարության վերջին հայտարարության մեջ որևէ բան չի ասվում։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ քանի որ Հայաստանի տնտեսական վիճակը մեծապես կախված է Ռուսաստանից, այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը բացասական ազդեցություն կունենա նաև մեզ վրա: «Ռուսաստանի վիճակը՝ տնտեսական առումով, ավելի կվատանա, քաղաքական առումով էլ ավելի կխորանա միջազգային մեկուսացումը։ Իսկ Հայաստանի տնտեսությունը, քանի շատ է կախված Ռուսաստանի տնտեսությունից, այսպես թե այնպես Ռուսաստանի տնտեսության վրա ցանկացած բացասական արդյունք նաև Հայաստանի վրա է այս կամ այն կերպ ազդում։ Եթե մի քիչ պատկերավոր ասեմ՝ երբ Ռուսաստանի տնտեսությունը մի փոքր մրսում է, Հայաստանի տնտեսությունը հիվանդանում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և անել այնպես, որ Ռուսաստանից կախվածությունը տնտեսական առումով փոքրանա, այլապես առաջիկա տարիներին չի նշմարվում այն հնարավորությունը, թե Ռուսաստանում իրավիճակը կլավանա. «Դեռ ավելին՝ ես կանխատեսում եմ, որ մոտ ապագայում նաև հնարավոր է Ռուսաստանը ներքաշվի Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մեջ։ Դոնբասում վերջին շրջանում իրավիճակը ծայրաստիճան լարվել է, երկուստեք զոհեր եկան՝ և՛ Լուգանսկում, և՛ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Ուկրաինան էլ է զինվում՝ թուրքական «Բայրաքթարներ» և այլն… հնարավոր է նոր պատերազմ։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսական վիճակն ավելի է վատանալու, ու դա բնականաբար ազդելու է մեզ վրա»։
Քաղաքական առումով, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանը սրանից չի տուժի: «Մենք պետք է չեզոքություն պահենք, դա մեր խնդիրը չէ։ Չեմ էլ կարծում, որ այս ուղղությամբ մեր իշխանություններն անհեռատես քայլեր կանեն ու մեզ կներքաշեն Արևմուտքի հետ խնդիրների մեջ»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածությունը անդրադարձ կունենա նաև Հայաստանի վրա: «Քանի որ պատժամիջոցները վերաբերում են այն ոլորտներին ու անձանց, որոնցից կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսական զարգացումը, այդ պատճառով էլ Ռուսաստանում այդպիսի սուր ընկալում կա, ու նույնիսկ հավանականություն են տեսնում խզելու հարաբերությունները Եվրամիության հետ։ Այս թեժացման կիզակետում «Հյուսիսային հոսք-2» գազամուղն է, որի վերաբերյալ իրոք ձևավորվել է գեոռազմավարական հակադրություն, որոշ ԵՄ անդամ երկրների ու քաղաքական շրջանակների և ԱՄՆ-ի՝ մի կողմից և Գերմանիայի ու մի շարք այլ երկրների կառավարությունների՝ մյուս կողմից, որոնք շահագրգռված են, որ ռուսական գազը հասնի ԵՄ երկրների սպառողներին։ Դա է այն հիմնական պատճառը, թե ինչու են հարաբերությունները սրվում։ Կան նաև քաղաքական պատճառներ՝ Բելառուսում իրավիճակը, Նավալնու գործը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ Հայաստանի վրա այս իրավիճակը տնտեսական ազդեցություն չի ունենա, բայց քաղաքական առումով չի կարող մեզ անտարբեր թողնել. «Այսօր ինչ-որ տեղ նաև նոր իշխանությունների ոչ հստակ քաղաքականության պատճառով մեր անվտանգային համակարգը կախված է Ռուսաստանից, ու որքան թույլ լինեն Ռուսաստանի դիրքերը՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններում, այնքան մենք ավելի նոր մարտահրավերների առաջ կարող ենք կանգնել։ Մանավանդ որ Թուրքիան վճռական է տրամադրված ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Թեպետ առայժմ ակնհայտ արդյունքներ չկան՝ որքան ես կարող եմ դատել, Թուրքիայի շանսերն այդ ուղղությամբ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը»։