Գողը, որը 61-ամյա կնոջից հափշտակել էր նրա դրամապանակն ու GPS-նավիգատորը, վերադարձրել է դրանք իր օրինական տիրոջը: Այս միջադեպը տեղի է ունեցել Մասաչուսեթսի նահանգ Փլեյստոու քաղաքում մեկ շաբաթ առաջ,- հայտնում է Eagle Tribune-ը: Ինչպես պատմել են Փլեյստոուի ոստիկանությունում, չարագործը թալանել էր կնոջը հուլիսի կեսերին, երբ նա գնումներ էր կատարում սուպերմարկետում:
Չարագործը գողացել էր նրա դրամապանակն ու GPS-նավիգատորը և հեռացել դեպքի վայրից: Պայուսակը շուտով հայտնաբերվել էր դեպքի վայրից ոչ հեռու գտնվող վայրում, սակայն՝ դատարկ: Կողոպուտից որոշ ժամանակ անց գտնվել է նաև թոշակառու կնոջ դրամապանակը, սակայն գումարը և մի քանի այլ իրեր նրանում չեն եղել: Դատարկ դրամապանակը վերադարձրել են կնոջը:
Միջադեպից երկու շաբաթ հետո թոշակառու կնոջ դուռը ծեծել է անձամբ չարագործը, որը հասցեն իմացել է դրամապանակում եղած թղթերից: Գողը ներողություն է խնդրել կնոջից և վերադարձրել դրամապանակում եղած 90 դոլարն ու նավիգատորը: Թոշակառու կնոջ իրերի մեջ եղել է նաև մի նամակ, որով չարագործը կրկին ներողություն է խնդրել նրանից:
Ոստիկանությունում ենթադրել են, որ հանցագործը որոշել է վերադարձնել իրերը, քանի որ նրա խիղճը տանջել է, կամ էլ թերթերում տեսել է որոնման նկարները: Այնուամենայնիվ, նրան սպառնում է մեղադրանք ուրիշի ունեցվածքի հանդեպ ոտնձգություն կատարելու մեջ:
Հանցագործը դեռևս չի հայտնաբերվել, սակայն ոստիկանությունում ասել են, որ նրան անպայման կգտնեն: