ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում պատրաստվում է հատուկ ուշադրություն դարձնել կիբեռանվտանգությանը և առողջապահության ոլորտում միջազգային փոխգործակցությանը։ Այս մասին պատմել է CBS հեռուստաընկերությունը։
Ըստ հեռուստաընկերության Սպիտակ տան աղբյուրների, փոխնախագահը նախատեսում է ակտիվորեն աջակցել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին այն հարցերում, որոնք կապված են վարչակազմի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման հետ:
Ըստ աղբյուրների՝ Հարիսը լավ տիրապետում է հինգերորդ սերնդի բջջային կապի հետ կապված տեխնիկական հարցերին: Նա շեշտը դնում է համավարակի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, ինչպես նաև սննդի անվտանգության խնդիրների վրա:
Նշվում է, որ Հարիսին ներկայումս հանձնարարված չէ որևէ երկրի ղեկավարության հետ Վաշինգտոնի փոխգործակցության պատասխանատվությունը: Բայդենը, որը Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, փաստացի վերահսկում էր Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը: