Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է կորոնավիրուսով հիվանդ չեխերին տեղավորել գերմանական կլինիկաներում, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չպլանավորված հեռախոսազրույց ունեցանք: Տիկին կանցլերն առաջարկեց Չեխիայի COVID-19-ով հիվանդ բնակիչներին հոսպիտալացնել գերմանական կլինիկաներում»,- ասել է նա:
Բաբիշը նշել է, որ խոսքը Սաքսոնիայի և Բավարիայի հիվանդանոցների մասին է: Նա հավելել է, որ հիվանդների տեղափոխման ծրագրեր դեռևս չկան, քանի որ չեխական կլինիկաներում դեռ տեղեր կան:
Չեխիայում աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը: Վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել են ծանր վիճակում գտնվող ռեկորդային թվով մարդիկ՝ 1.329: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակման 1.1 միլիոն դեպք, մահացել է 19.5 հազար մարդ: