Իտալացի մի խումբ ուսանողներ, որոնք ցույցի են դուրս եկել կրթության համակարգի բարեփոխումների դեմ, գրավել են Պիզայի աշտարակը: Մի քանի երիտասարդներ բարձրացել են աշտարակի վրա, միաժամանակ մյուս ուսանողները շրջապատել են այն և թույլ չեն տվել, որպեսզի զբոսաշրջիկները մոտենան դրան:
Այս օրերին իտալական խորհրդարանում քննարկվում է մի օրինագիծ, որով առաջարկվում է կրճատել ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը, իսկ խնայված գումարները կուղղվեն առավել հայտնի և պոպուլյար մասնագիտությունների ֆինանսավորմանը: Այս քննարկումներն ուղեկցվում են բողոքի լայնածավալ ակցիաներով ողջ երկրով մեկ` Հռոմ, Ֆլորենցիա, Միլան և այլն:
Այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Բրիտանիայում, ուր հանրահավաքի դուրս եկածները բողոքում են ուսման վարձի եռապատկման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կրճատման դեմ: Նոյեմբերի 24-ին այդ բողոքներն ուղեկցվել են բախումներով ոստիկանության հետ: