Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) տեսանյութ է հրապարակել, որն արվել է Perseverance մարսագնացի Մարսի վրա վայրէջքի ժամանակ: Հոլովակը տեղադրված է NASA-ի կայքում:
Տեսանյութի կադրերում հնարավոր է տեսնել մարսագնացի վայրէջքի բոլոր փուլերը՝ սկսած այն պահից, երբ պարաշյուտը բացվում է Մարսի մթնոլորտում 11 կմ բարձրության վրա, մինչև կարմիր մոլորակի մակերևույթին հպվելուց հետո մարսագնացի վայրէջքային մոդուլի անջատումը:
Գործակալությունը պարզաբանել է, որ ձայնագրությունն իրականացվել է չորս տեսախցիկների միջոցով, որոնցից երկուսը տեղադրված են հենց Perseverance-ի վրա, մեկը՝ պարաշյուտի ամրակապի և ևս մեկը՝ վայրէջքային մոդուլի վրա:
«Պարաշյուտի բացվելու պահից սկսած տեսախցիկների համակարգն ընդգրկում է վայրէջքի ողջ գործընթացը՝ ցույց տալով մարսագնացի դեպի Յեզերո խառնարան լարված ճամփորդության մի հատվածը»,- հավելում է NASA-ն: