Տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել ՌԴ-ն։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում։ Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը։ Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը կարող է համարվել հակամարտության վերջնակետը»,-ասաց Արա Այվազյանը։