Թբիլիսիի քաղաքային դատարանը ռուսաստանցուն չորս տարվա ազատազրկման է դատապարտել «Մթավարի արխի» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիային հետևելու համար: Այս մասին հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Նա մեղավոր է ճանաչվել կեղծ փաստաթղթերի, կնիքների, բլանկների պատրաստման, վաճառքի կամ օգտագործման, Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման, հետապնդման և անձնական կյանքը կամ անձնական տվյալներն արտացոլող տեղեկատվության նկատմամբ ոտնձգության հոդվածներով:
Հունիսի 12-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պատվիրված սպանության գործով հետաքննության շրջանակում ռուսաստանցուն բերման է ենթարկել կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար: «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ձերբակալվածն, իբր, պատրաստվում էր «վերացնել» Գաբունիային:
2019թ.-ին Գաբունիան եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու հայտարարել, որ ներողություն չի խնդրելու: Դրանից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել էր վրացի լրագրողի Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքներին: