«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը։
– Պարոն Պետրոսյան, գյուղատնտեսության ոլորտում ինչպիսի՞ քայլեր պետք է իրականացնել այս տարի՝ հաշվի առնելով, որ կառավարությունը աննախադեպ է համարում 2020-ին գյուղատնտեսության ոլորտում հաջողությունները, 1,4 տոկոս աճ է գրանցվել։ Արդյոք կառավարության մշակած ծրագրերը գյուղոլորտի խնդիրներին լուծում կտա՞ն։
– Ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում կայուն առաջընթաց ապահովելու համար բավականաչափ լուրջ ներդրումներ են պետք, և պետք է դրանք շարունակաբար ապահովեն։ Այն ներդրումները, որոնք կատարվում են գյուղատնտեսության ոլորտում, ոչ միայն հիմա, այլ 10-18 տարի առաջ էլ շատ հեռու են եղել բավարար համարվելուց։ Շատ մեծ պահանջարկ կա ֆինանսական ներդրումների, հաջողված ծրագրերի իրականացման։ Հիմա դեռևս անցյալից եկած ծրագրերն են իրականացվում, հատկապես ինտենսիվ պտղաբուծության, խաղողագործության, անասնապահության, ջերմոցային տնտեսության ոլորտներում որոշակի քայլեր իրականացվում են, և այս ընթացքը պետք է դրական համարել, բայց, ցավոք, հասանելիությունը շատ մեծ չէ։ Եթե այդ ծրագրերից ընդամենը 40-50 կամ մի քանի հարյուր տնտեսվարողներ են օգտվում, դա արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։ Ծրագրերը պետք է լինեն շատ ավելի ընդգրկուն և որքան հնարավոր է, պետք է ընդգրկվածության մասշտաբայնությունն ավելի մեծ լինի, որ լավ արդյունք գրանցվի։
Ինչ վերաբերում է 1,4 տոկոս աճին, գիտեք, աննախադեպ է համարվում այն առումով, որ ընդհանուր բոլոր ուղղություններով կա լուրջ անկում, իսկ գյուղատնտեսության ոլորտն այն ոլորտն է, որն իրականում ապահովում է 1,4 տոկոս աճ։ Սա փոքր տոկոս աճ է, և եթե հաշվի առնենք վերջին տարիներին իրականացված նոր ծրագրերը, որոնց արդյունքը պետք է հիմա արդեն նկատվի, եթե գնահատելու լինենք, այս ընդհանուր ֆոնին սա շատ փոքր աճ է։ Պետք է նշեմ, որ 2020 թվականը կլիմայական պայմանների առումով պետք է հաջողված տարի համարել, քանի որ Արարատյան դաշտում ուշ գարնանային ցրտահարություններ չգրանցվեցին, դա շատ կարևոր է, և դրա արդյունքում է, որ խաղողի բավականին բարձր բերք գրանցվեց հանրապետությունում։
Անցած տարի խնդիրներ կային հատկապես բարձրադիր գոտում տևական ժամանակահատվածում․ անձրևների բացակայության հետևանքով երաշտային երևույթներ գրանցվեցին։ Այս ամենը իր ազդեցությունն ունեցավ անասնակերի ընդհատման վրա։
Ուզում եմ ընդգծել, որ կարևոր հանգամանք է, թե բնակլիմայական պայմանները ինչպիսի հնարավորություն կտան գյուղատնտեսությանը։ Անցած տարի բացառիկ տարի էր այն առումով, որ կարկուտներ շատ հազվադեպ գրանցվեցին։
– Փետրվարյան անկայուն եղանակը ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել։ Հատկապես որ այս օրերին տարբեր մարզերում ձյուն է տեղում։
– Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ անոմալ ջերմաստիճանային ռեժիմ է գրանցել հատկապես ամբողջ փետրվարին։ Սա վտանգավոր հետևանքներ կունենա, լրատվամիջոցներով տեսնում ենք, որ առանձին դեպքերում ներկայացնում են բողբոջած ծառեր, հատկապես հանրապետության հարավում։ Մենք երկար ժամանակ ունենք այս վտանգավոր ջերմաստիճանային ռեժիմը հաղթահարելու համար։ Առաջիկա ցուրտ հոսանքները, որ կներթափանցեն մեր երկիր, կհանգեցնեն ջերմաստիճանի անկման։ Իսկ առատ ձյան ծածկոցը խիստ անհրաժեշտ է, քանի որ այն ոռոգման պաշարների համար շատ կարևոր նշանակություն ունի։ Բոլոր ջրամբարները, այդ թվում՝ Սևանա լճի պաշարներն ենք գնահատում, բացառություն է կազմում Ախուրյանի ջրամբարը, որտեղ անցած տարի երաշտի հետևանքները մեղմելու նպատակով բավականաչափ ավելացավ ջրառը, բայց կարծում եմ՝ այս առատ ձյան պաշարը հնարավորություն կտա այնտեղ ևս խնդիրը կարգավորել։ Շատ վաղ է դեռ կանխատեսումներ անել, թե ինչպիսի հաջողություններ կլինեն 2021-ին, քանի որ երկար ճանապարհ ունենք անցնելու, և այս ժամանակահատվածը շատ կարևոր է և՛ աշնանացանը բարեհաջող հաղթահարելու, որովհետև շատ դեպքերում անգամ առատ ձյան ծածկոցի առկայության պարագայում հողը սառած չէ, և հետո սկսում է հալոցք, ձյան շերտի նստվածքը, մասնագիտական տերմին են օգտագործում, լխկում է, և հատկապես հանրապետության բարձրադիր գոտու համար աշնանացանը վտանգվում է։
– Վարկային կազմակերպությունները մեծ խնդիրներ են առաջացնում։ Հատկապես գյուղվարկերի մասով մեծ անհանգստություններ կան։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։
– Խնդիրը կապում եմ շատ հայտնի իրադարձությունների հետ, 2020-ին տնտեսությունը շատ մեծ կորուստներ կրեց, խնդիրներն առնչվում են բոլոր ոլորտներին, իսկ գյուղատնտեսության ոլորտը մեկուսացված չէ և սերտորեն շաղկապված է մյուս ոլորտների հետ։ Բնականաբար, այդ ազդեցությունը պետք է լիներ ֆինանսական համակարգում, և անորոշությունները մեծ խուճապ և սթրեսային իրավիճակ են առաջացնում տնտեսության մեջ։ Բնականաբար, պետք է կանխատեսել, որ կարող են նման խնդիրներ առաջանալ։ Եվ պետք է արագ գործողություններ իրականացնել, որ խնդիրներ չառաջանան, հատկապես վարկավորման գործում որևէ հապաղում չի կարելի թույլ տալ։ Եվ եթե այսօր գյուղացին չկարողանա իր համար անհրաժեշտ վարկային միջոցները ստանալ, բնական է, որ նա չի կարող ձեռք բերել սերմացուներ ցանքի համար, և հետագա երկու-երեք ամսից հետո ինչքան միջոցներ էլ տրամադրվեն, միևնույն է, եթե պահը բաց թողեցիր, հետագայում որևէ կերպ չես կարող դա լրացնել, որովհետև գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որտեղ չես կարող լրացուցիչ հերթափոխով, կամ այլ ճանապարհով այդ բացթողածը լրացնել, այսօր եթե վար ու ցանքի աշխատանքներ պետք է կատարել, ապա այն պետք է կատարել այսօր, վաղը դա անիմաստ կդառնա և որևէ արդյունք չի կարող ապահովել։ Այնպես որ, պատասխանատուները պետք է լուրջ քայլեր կատարեն, որ վարկերի տրամադրման գործընթացը կարողանան հնարավորինս կազմակերպված և արագ իրականացնել։