«Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց հարցազրույցներում բացարձակապես մեղքի զգացում չունեն 5 հազար զոհի առաջ, որ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, բացարձակապես ոչինչ չեն արել: Նրանք առաջնորդվում են այն սկզբունքով, որ պարտված իշխանության վրա հեշտ է ամեն ինչ բարդելը: Երկրորդ նախագահը նշում էր, որ եթե ինքը լիներ իշխանության, այսպիսի բան չէր լինի կամ ինքը «կկրեր», իսկ երրորդ նախագահն ասում էր, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը քանդեց բանակը, բայց չի ասում, թե ինչպես, ինչն անհասկանալի է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Հանցագործության հիմքը կոռուպցիան է, և հիմա էլ է նույնը: Օրինակ՝ հայտնի է, որ Պատրոն Դավոն ուղեկցել է բոլոր ժամանակների գլխավոր գերագույն հրամանատարներին, նրանց մարդն է եղել»,- նշեց իրավապաշտպանը:
«Սերժ Սարգսյանը խոսի կոռուպցիայի մասի՞ն. ես շատ լավ հիշում եմ նրա քարոզարշավները, սարսափելի կոռումպացված գեներալներ կային, որոնք նրա ընտրությունների հենասյունն են եղել: Եթե այդպես խոսում ես, ինչո՞ւ չես ասում, թե դու որտեղ ես թերացել, հանրությունը շատ լավ գիտի դա»,- ասաց Ալեքսանյանը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ երևի թե պոչները սեղմել են, ցավ են զգում, դրանից են գոռում, կամ էլ վախից են գոռում: «Հավանաբար քննիչները շատ են մոտեցել իրենց գործերի բացահայտմանը, վտանգ են զգում, փորձում են դա շահարկել քաղաքական ինչ-որ նախադասություններով»,- նշեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այսօր համակարգային կոռուպցիա չկա, իսկ առհասարակ այդ «քաղցկեղը» բուժում չունի, վիրահատական միջամտություն է պետք:
Մանրամասն՝ տեսանյութում: