Այսօր «Պոստ Սկրիպտ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ երկխոսության հետևանքով նոր քաղաքական դերակատարներ են ի հայտ գալու: ՀՀԿ-ն, ըստ նրա, փորձելու է համախմբել իր ուժերը, և ընդդիմադիր դաշտը համապատասխան զանգված չունի, որպեսզի հետևի ընտրություններին: Գալուստ Սահակյանը սխալ համարեց ՀԱԿ-իշխանություն ձևակերպումը՝ նկատելով, որ դա քաղաքական երկու միավորների երկխոսություն է, որի մի կողմում կոալիցիան է, իսկ մյուս կողմում՝ ՀԱԿ ներկայացուցիչները: Սահակյանը նշեց, որ ՀԱԿ-ը փորձում է երկխոսությունը ուռճացնել, և փորձում է իմիտացիա ստեղծել, թե կոալիցիոն ուժերը միայն իրենց հետ են երկխոսում: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը փորձում է ներկայացնել, որ Հայաստանում երկիշխանություն է ստեղծվել:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են արտահերթ ընտրության հարցը քննարկում, Սահակյանն ասաց՝ քանի որ մոդել է ստեղծված, այդ իսկ պատճառով քննարկում են, մինչդեռ նա արտահերթ ընտրությունները հավանական չի համարում՝ նշելով, որ նախ դրա համար քաղաքական պայմաններ պետք է լինեն, մյուս կողմից՝ արհեստական արտահերթ ընտությունները շատ վտանգավոր են, և որպես օրինակ բերեց 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ինչը, ըստ նրա, հետ գցեց Հայաստանը:
Ըստ Սահակյանի՝ ՀԱԿ-ը փորձում է գերագնահատել իր պայքարը և հանրահավաքում անթույլատրելի ձևակերպումներ է անում, մինչդեռ կարող են երկխոսության ընթացքում դեմ առ դեմ քննարկել տարբեր հարցեր և խնդիրներ:










































