«Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին հայտարարել է, որ ցանկանում է դիմել ոստիկանություն, քանզի կասկածում է, որ իր ձայնային փոստը գաղտնալսել են: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Ակհայտ է, որ իմ հեռախոսը գաղտնալսել են»,- ասել է երգիչը:
Գտնվելով ԱՄՆ-ում՝ նա լրագրողներին հայտնել է, որ ցանկանում է ոստիկանության հետ քննարկել իր նախկին կնոջ՝ Հիզեր Միլսի պնդումներն այն մասին, թե իր հեռախոսազանգերը գաղտնալսվել են: Բրիտանիայում սկսված՝ Ռուպերտ Մերդոքի լրատվամիջոցների հետ կապված գաղտնալսումների սկանդալների ֆոնին Հիզեր Միլսը նույնպես խոսել էր նման հնարավորության մասին:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ գաղտնալսումների սկանդալի մեջ ներգրավված The Daily Mirror թերթի նախկին գլխավոր խմբագիր Փիրս Մորգանը, որը CNN հեռուստաալիքում վարում է Լարի Քինգից ժառանգած թոք շոուն, նույնպես կարող է ներգրավված լինել այս սկանդալում, թեպետ վերջինս հերքում է դա: Նրան առաջիկա օրերին նորից կհարցաքննեն: