
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ծրագրավորող, մաթեմատիկոս Գեղամ Ջիվանյանը:
– Պարոն Ջիվանյան, օրերս խորհրդարանական լսումներ էին «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով գիտնականների արտագաղթին, նշել է. «Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում»։ Արդյոք միայն բարձր աշխատավա՞րձն է ստիպում գիտնականներին դրսում ռեալիզացվել։
– Սկսենք նրանից, որ «բարձր վարձատրվող աշխատանքով» են զբաղվում միտքը ոչ միայն պարունակում է որոշակի մանիպուլյատիվ էլեմենտներ, այլև հեռու է գիտնականի աշխարհայացքից ու բնույթից։ Գիտնականը բնույթով նորին ձգտող, ժամանակից առաջ ընկնելու մղում ունեցող, իրերին ու երևույթներին բոլոր կողմերից նայող, պրպտող, նորը ստեղծող/հայտնագործող տեսակ է։ Հետևաբար գիտնականը միշտ ձգտում է գտնվել այնտեղ, որտեղ իր կարիքը կա, որտեղ իր պոտենցիալն ու մտքերը ռեալիզացնելու հնարավորություն կա, որտեղ նորը ստեղծելու հնարավորություն կա։ Նախարարի նշած գիտնականների ճնշող մեծամասնությունը նույնիսկ լավ աշխատավարձի դեպքում չէր մնա Հայաստանում, որովհետև, օրինակ, փորձարարական գիտությամբ զբաղվող բնագետը Հայաստանում չունի նույնիսկ ժամանակակիցին մոտ պայմաններ, որպեսզի կարողանա զբաղվել գիտությամբ՝ նորմալ սարքավորված լաբորատորիա, հստակ պատվեր և այլն։ Ֆինանսական տեսանկյունից էլ գիտնականին ոչ թե հետաքրքրում է սեփական աշխատավարձն ու վարձատրությունը, այլ հետազոտական պրոցեսի ծախսերը։ Իր մտքի վերջում նախարարը հավելեց, որ «ճիշտ են անում»։ Այո՛, ճիշտ են անում գիտության ու գիտնականի տեսանկյունից, ինչքան էլ մտքի հիմքում արտագաղթն է, ու դա էլ իր հերթին լուրջ խնդիր է մեզ համար, բայց գիտության տեսանկյունից դրանով մենք, կարելի է ասել, լավ կադր չենք կորցնում, որովհետև այդ գիտնականների մեծ մասը Հայաստանում մնալով ոչնչի չէր հասնի կամ գոնե մոտ չէր գա էն սահմանին, ինչին հասել է և հասնում է արտերկրում։ Իսկ կադրը լավն է, եթե լավ արդյունք է տալիս, ոչ թե լավ արդյունք տալու պոտենցիալ ունի։
– Հետպատերազմյան շրջանում բազմիցս խոսվում է գիտության զարգացման անհրաժեշտության մասին՝ որպես անվտանգության և զարգացման կարևոր բաղադրիչ։ Հենց այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Ինչպե՞ս պետք է գիտությունը գրավիչ դարձնել գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։
– Այս մասին խոսվել է միշտ՝ թե՛ պատերազմից հետո, թե՛ առաջ, թե՛ 10 կամ 20 տարի առաջ։ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման կարևոր բաղադրիչ» միտքը աքսիոմ է։ Այս միտքը ո՛չ վերահաստատման, ոչ էլ քննարկման կարիք ունի։ Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն։
Ամբողջ աշխարհում գիտությունը զարգացել է տնտեսությանը զուգահեռ։ Գիտությունը պահանջում է ներդրում ու ֆինանսներ։ Վերջիններիս համար պետք է լավ տնտեսություն։ Կապիտալիզմն է խթանել գիտության զարգացումը։ Ու եթե գնանք այս պրոցեսի ակունքներ, ապա կտեսնենք, որ սկզբում գիտությունը ֆինանսավորել են անհատները սեփական բիզնեսի ու շահի համար, իսկ պետությունները, տեսնելով հաջողված փորձը, սկսել են կրկնօրինակել։ Շատ դեպքերում անհատները եղել են նաև պետության վերնախավից, ու կապը ավելի տեսանելի ու շոշափելի է եղել։ Համաշխարհային փորձի կուտակումից հետո որոշ երկրներում պետությունն է անհատի համար վարակիչ օրինակ դարձել։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք։ Պետության համար և տեսանկյունից ոչ միայն կարևոր է գիտության ֆինանսավորումը, այլև շատ կարևոր ու առաջնային է, որ այդ ֆինանսավորումը լինի պետական ու լինի որոշակի օրենքներով ապահովագրված, որպեսզի կախում չունենա օրվա իշխանության հայեցողությունից։ Անհատներից կախվածության վտանգն էլ այն է, որ անհատը կարճաժամկետ ներդրող է, ու ոչ մեկը չի կարող իմանալ, թե անհատի կարողության հաջորդ տիրողը ինչ կարծիք ունի ֆինանսների նման բաշխման մասին։
Ինչ քայլեր պետք է անել. պետք է բարձրացնել գիտության ֆինանսավորումը։ Բայց դա պետք է անել շատ գրագետ ու զգույշ, ասել է թե՝ պետք է հստակ հասկանալ, թե ինչ պոտենցիալ ունենք, ինչ կարելի է ակնկալել գիտությունից, ինչի կարիք ունենք մենք, կարիքները ըստ առաջնահերթության դասակարգել ու գիտնականների առաջ դնել հստակ ձևակերպված խնդիրներ և պահանջներ։ Այսինքն՝ ֆինանսավորել հենց գիտությունը, ոչ թե գիտնականներին։ Գիտնականը երբեք չի կարող տալ լավ արդյունք, եթե պետությունը նրա հետ շփվի «առ քեզ լավ վարձատրություն, տես՝ ինչ լավ բան կարող ես անել» ոճով։ Եթե այս ամենը լինի, գիտնականի համար գրավիչ կլինի Հայաստանում գիտությամբ զբաղվելը, թեկուզ ոչ այնքան բարձր վարձատրվող աշխատավարձով։
– Հաշվի առնելով գիտության տարեկան ֆինանսավորումը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ որևէ առաջընթաց չենք կարող ակնկալել։
– Այո՛։ Գիտության տարեկան ֆինանսավորման ներկայիս չափը ուղղակի խայտառակություն է։ Ինչպես նշեցի, սա ոչ թե գիտության ֆինանսավորում է, այլ գիտնականների աշխատավարձի ֆոնդ, այն էլ՝ շատ խղճուկ, ժողովրդական լեզվով ասած՝ «յոլա գնալու» ֆոնդ։
– Հիմա իշխանության ներկայացուցիչներն էլ նշում են, որ այս պատերազմից հետո դեմքով պետք է շրջվենք դեպի գիտություն։ Ակնկալո՞ւմ եք նրանցից կոնկրետ, գործնական քայլեր։
– Շատ լավ է, որ իշխանությունը խոստովանում է, որ մինչև հիմա մեջքով կամ, լավագույն դեպքում, կողքի շրջված է եղել գիտությանը։ Բնույթով չափազանց լավատես լինելով հանդերձ՝ դեռ այս հարցում լավատեսություն չունեմ։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա։ Ու չնայած գիտությունը դանդաղաշարժ համակարգ է, և շատ քայլերի արդյունքներ տեղ են հասնում տարիներ հետո, բայց շատ կարճ ժամանակ անց արդեն կարելի կլինի գնահատականներ տալ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին ու քայլերին։