Ավտոմեքենաների պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիսներ (ԱՊՊԱ պայմանագրեր) ձեռք բերելու վերջնաժամկետին մնացել է մոտ 1 ամիս, սակայն ավտոմեքենաների միայն 10%-ն է ապահովագրվել: Այս մասին այսօր հայտարարեց ԿԲ փոխնախագահ, ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ պոլիսներ կարելի էր ձեռք բերել հոկտեմբերի 18-ից: «Ցավոք այժմ մենք չունենք այն տեմպը, որը ցանկալի էր ունենալ ԱՊՊԱ պոլիսներ ձեռք բերելու համար: Ցավոք, առայժմ ավտոմեքենաների սեփականատերերի ընդամենը մինչև 10%-ն է ձեռք բերել պոլիսներ, այնինչ մինչև հունվարի մեկը մնացող ժամանակահատվածը շատ քիչ է: Մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում ձեռք բերել այդ պոլիսները, քանի որ օրենքը գործելու է, բոլոր պետական կառույցները, այդ թվում ոստիկանությունը պատրաստ են դրանք կիրառելու»,- հայտարարեց Վ. Գաբրիելյանը: Նա նշեց, որ պոլիսների ձեռքբերման ժամկետը կարող է երկարացվել միայն ԱԺ-ի կողմից` օրենսդրական փոփոխությամբ: «Հավանականությունը, որ կառավարությունը կհետաձգի ժամկետը, զրոյական է, քանի որ ժամկետը սահմանված է օրենքով: Իսկ մենք ունենք չափազանց քիչ թվով նստաշրջաններ մինչև տարվա վերջ, որոնք ծանրաբեռնված են օրակարգային հարցերով, այդ թվում բյուջեի քննարկումներ, կենսաթոշակային բարեփոխումներ և այլն, որի հետևանքով այն հավանականությունը, որ կառավարություն հապշտապ կարգով օրենսդրական նախաձեռնությամբ կմտնի պառլամենտ` հետաձգման հարցով, ես կարծում եմ որ իրատեսական չէ»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահը: