Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է Tesla էլեկտրամոբիլների հավաքման որակի վերաբերյալ քննադատությանը: Munro Live YouTube-ալիքին տված հարցազրույցում նա խոսել է սեփական արտադրության մեքենաների խնդիրների մասին:
Ըստ նրա, նոր Tesla-ն արժի գնել կամ արտադրության հենց սկզբում, կամ այն ժամանակ, երբ այն հասնի կայուն մակարդակի: Մասկը որպես օրինակ է բերել Tesla ավտոմեքենաների 2020թ.-ի դեկտեմբերին թողարկված խմբաքանակը: Տեխնիկական գործընթացների չպահպանման պատճառով որոշ էլեկտրամոբիլներ վատ են ներկվել:
«Երբ դուք մեծացնում եք արտադրությունը, դուք պարզապես հայտնաբերում եք այդ թերությունները: Եթե մենք նախապես իմանայինք դրանց մասին, մենք անմիջապես կշտկեինք դրանք»,- բացատրել է Մասկը:
Չնայած դրան, նա հավաստիացրել է, որ Tesla ավտոմեքենաների որակի վերահսկողությունը մեծանում է, և հաճախորդները շուտով կմոռանան մեքենայի հետ կապված խնդիրների մասին: