Տարիներ շարունակ շատ էր խոսվում մի խնդրի մասին, որը օբյեկտիվ պատճառով խոչընդոտում էր մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը։ Խոսքը վերաբերում է պատանի ֆուտբոլիստներին բանակ զորակոչելուն։ Մասնավորապես, 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո ֆուտբոլիստների գերակշռող մասն ավարտում էր կարիերան։ Դրա հետևանքով տասնամյակների ընթացքում հայկական ֆուտբոլը կորցրել է բազմաթիվ կադրերի, որոնք կարող էին մեծապես օգնել Հայաստանի հավաքականներին։
Ժամանակին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում էին ստանում այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվում էին պատանեկան հավաքականներ։ Այսօր ևս գործում է այս օրենքը, բայց նախկինի համեմատ այն գործում է օրենքի տառին համապատասխան։ Մասնավորապես, նախկինում զինվորական ծառայությունից տարկետում էին ստանում այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց մենք չէինք տեսնում հավաքականներում։ Ավելին, հավաքականներ հրավիրվում և տարկետում էին ստանում նաև ֆուտբոլիստներ, որոնց ընտրում էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Քիչ չեն դեպքերը, երբ Հայրապետյանի հավանությանը չարժանացած տաղանդավոր պատանի ֆուտբոլիստները հենց ՀՖՖ նախագահի ջանքերով զորակոչվել են բանակ և հրաժեշտ տվել ֆուտբոլին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ մինչև 2018 թվականը տարկետում ստացած ֆուտբոլիստների մոտ 95 տոկոսը Երևանից է։ Այսինքն՝ տասնամյակներ շարունակ մեր երկրում մարզային ֆուտբոլն ուղղակի դոփել է տեղում։
2018 թվականին մասնավորապես ՀՖՖ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով Հայաստանում վերաբացվեց սպորտային վաշտը՝ ԲԿՄԱ-ն։ Այն թույլ է տալիս առավել աչքի ընկած մարզիկներին զինվորական ծառայությունն անցնել սպորտային վաշտում։ Բանակի կենտրոնական մարզական ակումբը Հայաստանում առաջին անգամ չէ: 2000-ականների սկզբին այս մարզական ակումբը գործում էր, և Եվրոպայի ու առաջնության մրցանակակիր մարզիկները, որոնք բանակային տարիքի էին, հնարավորություն էին ստանում բանակում ծառայելու հետ մեկտեղ նաև մարզվել ու շարունակել ներկայացնել Հայաստանը տարբեր մրցասպարեզներում: Ակումբը, սակայն, երկար կյանք չունեցավ, և խնդիրը կրկին դարձավ օրակարգային։
Ինչևէ, 2019 թվականին ստեղծվեց նաև Երևանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Հայաստանի առաջին խմբի առաջնությանը։ Նշենք, որ ԲԿՄԱ-ն գործում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ենթակայության ներքո։ Այս թիմում են հավաքագրվել բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք ունեն պոտենցիալ և կարող են օգտակար լինել Հայաստանի հավաքականներին։ Այսօր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կորիզը կազմում են հենց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։
Մարզական վաշտի ստեղծումը կարելի է համարել կարևորագույն խթան ֆուտբոլի զարգացման գործընթացում։ Նշենք նաև, որ մեր երկրում առկա ֆուտբոլային ակումբների հետ համագործակցության շնորհիվ է հնարավոր եղել հավաքագրել ֆուտբոլիստներին: Նրանք, փաստացի, վարձակալությամբ են հանդես գալիս ԲԿՄԱ-ում, և այդպես լրանալու է նրանց երկու տարվա զինծառայության ժամկետը: Դրանից հետո ֆուտբոլիստները վերադառնալու են իրենց ակումբներ:
Որպեսզի բանակի մարզական ակումբի գաղափարն ավելի պատկերավոր լինի, փորձենք հասկանալ, թե վերաբացված ԲԿՄԱ ֆուտբոլային թիմն ինչ դրական հետևանք կարող է ունենալ հայկական ֆուտբոլի համար։ Հավաքագրվելով միևնույն ակումբում՝ մեր հեռանկարային ֆուտբոլիստները երկու տարի շարունակ խաղում են միասին։ Մասնավորապես, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները ըստ էության նույն կազմով և նույն թիմով շարունակ մարզվում են միասին, մասնակցում Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումներին։ Խաղացվածության, ձևավորված թիմ ունենալու տեսանկյունից սա ուղղակի իդեալական դաշտ է։ Այս առումով Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը առավելություն ունի եվրոպական մյուս հավաքականների նկատմամբ, որտեղ ֆուտբոլիստները հավաքագրվում են տարբեր թիմերից, և քիչ ժամանակ է հատկացվում միասին մարզվելու և խաղային ձեռագիր ստեղծելու համար։
Երկու տարի միասին ԲԿՄԱ-ի և հավաքականի մարզաշապիկով խաղալը հիանալի ռեզերվ կստեղծի Հայաստանի գլխավոր հավաքականի համար, որը կանգնած է կադրային խնդիրների առաջ, և սերնդափոխությունն անխուսափելի է։ Վաղը մենք կարող ենք ունենալ ֆուտբոլային մի կորիզ, որի մաս կազմող ֆուտբոլիստները 5 մատի պես գիտեն միմյանց։ Չմոռանանք, որ 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների երևի թե հիմնական մասը շուտով կընդգրկվի նաև մինչև 21 տարեկանների՝ երիտասարդական հավաքական։
Կարճ ասած՝ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո հայկական ֆուտբոլում և սպորտում գործի դրվեց իսկապես արդյունավետ մի մեխանիզմ, որի պտուղները մենք կքաղենք մոտակա տարիներին։ Այսօր այլևս չկա վտանգ, որ տաղանդավոր ֆուտբոլիստը, դառնալով 18 տարեկան և բանակ զորակոչվելով, ուղղակի կկորչի ֆուտբոլի ասպարեզում։ ԲԿՄԱ-ի գոյությունը կմեծացնի նաև մրցակցությունն ու մոտիվացիան իսկապես լավ ֆուտբոլիստ և մեր պետության համար օգտակար մարզիկ դառնալու։