
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը:
– Պարոն Շահմուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի ԱԳ նախարար Զարիֆի այցը Բաքու, ապա Հայաստան։ Բաքվում նրա արած հայտարարությունները բուռն քննադատության առիթ են հանդիսացել, ի՞նչ տրամադրություններ են այս առումով Իրանի հայկական համայնքում:
– Հունվարի 26-ին Բաքու կատարած այցի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Թեհրանը ցանկանում է վեցակողմ համագործակցության միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում, և դա տարածաշրջանի երկրներ կատարած իր այցի կարևորագույն նպատակն է:
Տարածաշրջանային այցերի շրջանակում հունվարի 25-ին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այցելել էր Բաքու: ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով, ներառյալ տրանսպորտային միջանցքները, որոնցից շահելու են բոլորը:
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ողջունելով տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը՝ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման հարցում: Զարիֆն Իրանի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ազատագրված տարածքների վերակառուցմանը, հատկապես շինարարության, տեխնիկական ծառայությունների, էլեկտրականության և էներգետիկայի, գյուղատնտեսության, ականազերծման, մզկիթների և հուշարձանների վերակառուցման ոլորտներում:
Ինչպես ասել եմ, սա աննախադեպ հայտարարություն պետք է համարել Իրանի արտաքին գործերի նախարարի կողմից, քանի որ Իրանը նախապես հայտարարել էր, որ հանդիպումների հիմնական թեման լինելու են տարածաշրջանային համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների զարգացման և բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղիները, սակայն Բաքվում Իրանի ԱԳ նախարարը անսպասելիորեն ողջունել է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը, և Թեհրանը հանդես չի եկել նախաձեռնող և նոր առաջարկներ ներկայացնող երկրի դերում:
– Ի՞նչ արձագանք կա այս հայտարարությանը Իրանում։
– Զարիֆի այս հայտարարությունները Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և այն էլ՝ Ալիևին սիրաշահելու և ադրբեջանցիներին շոյելու համար բուռն արձագանք են գտել հայկական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում, իսկ Իրանի հայ համայնքի շրջանում դա ընկալվել է որպես Իրանի արտաքին քաղաքականության պաշտոնական մոտեցում հարևան երկրների հետ, որը հիմնված է երկկողմ և բազմակողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Իրանահայ համայնքն այնքան էլ ներգրավված չէ երկրի քաղաքական հարցերի գործընթացներում և հիմնականում զբաղված է իր առօրյա խաղաղ քաղաքացիական աշխատանքներով: Սակայն համայնքը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի գործարարական և սոցիալական շրջանակների հետ, իսկ Իրան-Հայաստան պետական մակարդակի հարաբերությունների խորացումն ու բարեկամական կապերը ներգործուն ազդեցությոն ունեն հայ համայնքի կյանքի վրա: Այնպես որ, Բաքու և Մոսկվա կատարած այցերից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան և դրա արդյունքներն ու ձեռքբերումները ոչ միայն կարևորում են Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների խորացումը, այլև դա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ իրանահայ համայնքի հանրային կարծիքի վրա՝ հույս ներշնչելով, որ Իրանի իշխանությունները ինչպես հայ համայնքի նկատմամբ դրսևորում են բարյացակամ, հոգատար, արդար և քրիստոնյաների իրավունքները հարգող ու պաշտպանող մոտեցում, այնպես էլ Հայաստանի վերաբերյալ և, ելնելով երկու հարևան երկրների բազմակողմանի շահերից, նույնպես կփորձեն հավասարակշիռ քաղաքականություն վարելով տարածաշրջանում՝ ճիշտ ընկալել Հայաստանի հետպատերազմյան պայմանները և աջակցել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը՝ իհարկե նկատի ունենալով տարածաշրջանային բոլոր դերակատար երկրների շահերն ու տարածքային ամբողջականության պահպանման սկզբունը, որի վրա այսքան շեշտադրում են անում իրանցի դիվանագետները: Իհարկե, դա միայն չի վերաբերում Ադրբեջանի տարածքային ամողջականության պահպանմանը. Հայաստանը նույնպես ակնկալում է, որ իր բարեկամ և հարևան երկրները հարգեն ու պահպանեն միջազգային ընդունված նորմերը և քայլեր ձեռնարկեն երկկողմ ու բազմակողմ շահերի պաշտպանության և հարաբերությունների հավասարակշիռ զարգացման ուղղությամբ:
Թերևս Մոսկվա կատարած այցի ընթացքում և ռուսական ԶԼՄ-ների կողմից իրազեկվելով իր՝ Բաքու կատարած այցի շրջանակում հայտարարությունների վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների տիրույթում բուռն քննադատությունների արժանանալու մասին լուրերին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի օդանավակայանում ասելով, որ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հին հարևան ու բարեկամն է, հավելել է, որ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին: Զարիֆը հայտարարել է. «Ես խոսեցի Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ, և հիմք կա տարածաշրջանի երկրների համագործակցության համար, հատկապես տնտեսական ոլորտում, և այդ համագործակցությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ խաղաղության և կայունության»:
Սակայն հաշվի առնելով կովկասյան տարածաշրջանում և արցախյան պատերազմից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները և Թուրքիայի ու Ռուսաստանի դերակատարության մեծացումը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերի ու ճանապարհների ապաշրջափակման, էներգակիրների գծերի տարանցման ու անվտանգության հետ կապված խնդիրներում, որից զգալիորեն դուրս է մնացել Իրանը, այժմ Թեհրանը փորձում է իր ներկայությունը հաստատել տարածաշրջանային տնտեսական և քաղաքական գործընթացներում:
– Այսինքն՝ այս քայլերով Իրանը փորձում է իր ներկայությո՞ւնն ապահովել տարածաշրջանում։
– Ըստ այդմ՝ Զարիֆի այցը, նկատի առնելով տարածաշրջանի երկրների միջև ճանապարհների ապաշրջափակման և նոր ճանապարհների կառուցման նախագծերը և կովկասյան տարածաշրջանի տնտեսական կարողականությունները, կարող է նոր էներգիա և դրդապատճառ հանդիսանալ հաղորդակցության ուղիների գործընթացը արագ տեմպով զարգացնելու և տարածաշրջանի առևտրական փոխանակումների համար՝ պայմանով, որ Իրանը և Հայաստանը խոսքից անցնեն գործի և ռեալ մոտեցում դրսևորեն երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում: