Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցը հայկական կողմը պիտի դիտարկի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաիմաստավորման, վերագործարկման, որոշ դեպքերում նաև ճշգրտման տեսանկյունից, և այս գործընթացներում գերիշխողն Իրանի համար լինելու է սեփական շահը, որն առաջ է մղվելու կանխատեսելի արտաքին քաղաքականություն վարելու ցանկության և կարողության համատեքստում: Չմոռանանք նաև, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ԼՂ հակամարտության բոլոր կողմերի՝ Հայաստանի. Արցախի և Ադրբեջանի հետ:
Հիմա, երբ 44 օրյա պատերազմն ավարտված է, և Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ներկայացնել մի իրավիճակ, երբ այլևս գոյություն չունի ԼՂ հակամարտություն՝ Իրանը հանդես է գալիս տարածաշրջանային գործընթացներում ակտիվ դերակատարի դիրքերից:
Մասնվորապես՝ Ադրբեջանում վերջինս հայտնել է իր մտադրությունը մասնակցելու «Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին»: Իրանի հետզհետե ակտիվացող հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված է նաև Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի խորացող ազդեցությունը հակակշռելու դիրքորոշմամբ, ինչպես նաև Հայաստանի և նախկին և ներկա կառավարությունների՝ Իրանի հետ հարաբերություններում հստակ օրակարգ սահմանելու ձախողմամբ:
Այո՛, Արցախյան 44 օրյա պատերազմը արձանագրեց այն իրողությունը, ըստ որի մենք, մինչ այսօր, ձախողել ենք Իրանի հետ բոլոր ուղղություններում հնարավոր համագործակցությունը:
Գրեթե վստահ եմ, որ տարածաշրջանի վեց երկրների ձևաչափով հնարավոր պլատֆորմի շրջանակում համագործակցությունը դատապարտված է ձախողման, քանի որ վեցի երկրների շահերը բազմաթիվ հարցերում չեն համընկնում, կամ ի սպառ բացառում են միմյանց: Վրաստանը շարունակում է իր քաղաքականության արևմտյան ուղեգիծը, և այս համատեքստում, տեսանելի ապագայում դժվար թե լինի մի իրավիճակ, երբ վերջինս կարող է ներգրավվել մի քաղաքական ձևաչափում, որտեղ ակտիվ դերակատարություն կստանձնեն Իրանն ու Ռուսաստանը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումը գալիս է դառնալու մի հավելյալ ծանրակշիռ գործոն, որի շնորհիվ տարածաշրջանում սպասվում են խորքային փոփոխություններ՝ և՛ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր բարելավման, և՛ Թուրքիայի նկատմամբ Բայդենի վարչակազմի ավելի կոշտ դիրքորոշման, և՛ առավելապես Արցախյան հակամարտության համատեքստում ԱՄՆ՝ մեր տարածաշրջանում ակտիվ ներգրավվածությունը վերականգնելու մտադրության, և՛ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ճշգրտման համատեքստում:
Ըստ այդմ, Հայաստանը պիտի փորձի ստեղծված նոր իրողությունների պայմաններում հստակ ձևակերպել իր ակնկալիքներն Իրանից և հանդես գալ դրանցից բխող առաջարկներով: Այդպիսի գործուն առաջարկ կարող է դառնալ Հայաստանի կողմից ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերականգման միջնորդական դերի ստանձնումը, ինչը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի վարկը տարածաշրջանում, այլև՝ օրակարգային հարց կավելացնի Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Իրան քաղաքական հարաբերություններում:
Հայաստանն իրավունք չունի այլևս առաջնորդվել իներոցիոն գործընթացներով և այսօր, առավել քան երբևէ, պարտավոր է վարել նախաձեռնողական և դիվերսիֆիկացված քաղաքականություն բոլոր հնարավոր ուղղություններով՝ հանուն մեր հայրենիքի անկախության և անվտանգության վերականգնման և տարածաշրջանային փխրուն խաղաղության պահպանման՝ հետագայում ամրապնդման ակնկալիքով: