Ըստ նախնական տվյալների` գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով երեկ կեսգիշերին Երևանի կենտրոնում` Մաշտոց և Կորյուն փողոցների հատման անկյունում, խոշոր հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը «Առաջին լրատվականին» փոխանցեց, որ սա Երևանում ամենախոշոր հրդեհն էր, որ գրանցվել էր վերջին տարիներին: Հրդեհի հետևանքով այրվել են Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տների մի մասը ամբողջությամբ, մի մասը` մասամբ: Պատկերացնելու համար հրդեհի ծավալները, նշենք, որ հրշեջներն այն մեկուսացրել են 00.23-ին, մարել կարողացել են 02.12-ին: Ի դեպ, դեռ հայտնի չէ` ինչպես և որքանով է փոխհատուցվելու բնակիչների կրած վնասը: