«Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու մտադրության հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա, ինչը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով առկա նոր իրողություններն ու Հայաստանի համար հայ-ամերիկյան հարաբերության կարևորությունը դրանց համատեքստում: Լիլիթ Մակունցը հաստատել է, որ կա այդպիսի հարց, սակայն դեռևս չկան քննարկումներ ու որոշումներ: Փոխարենը բավականին աշխույժ են հասարակական-քաղաքական դաշտում այդ առնչությամբ քննարկումները:
Մակունցի նշանակման մտադրությունը թիրախավորվում է նրա դիվանագետ չլինելու, դիվանագիտական աշխատանքի փորձ չունենալու առնչությամբ՝ համարելով, որ ԱՄՆ-ի պես կարևորագույն երկրում պետք է աշխատի դեսպան, որը ունի ոչ միայն դիվանագիտական աշխատանքի փորձ, այլ նաև ճանաչում է ԱՄՆ-ը, ԱՄՆ-ի ներքին կյանքը, ճանաչում և արդյունավետ հաղորդակցվում է թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակների հետ, թե՛ նաև ամերիկահայ լոբբիստական կառույցների ու կազմակերպությունների: Ակնառու է, որ Լիլիթ Մակունցը չունի այդպիսի փորձ:
Ըստ այդմ՝ միանգամայն հիմնավոր է մտահոգությունը, որ հայ-ամերիկյան հարաբերության առանց այդ էլ կարևորագույն ուղղությամբ, առավել ևս ներկայիս վճռորոշ, ճակատագրական փուլում, աշխատելու է կամ կարող է աշխատել բավականին անփորձ դեսպան: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունը ներկայումս դառնում է առավել կարևոր այն համատեքստում, որ պարտված պատերազմից հետո ռեգիոնալ դասավորությունը Հայաստանի համար մեծացրել է կախվածությունը Ռուսաստանից, իսկ մյուս հակակշիռը թուրք-ադրբեջանական տանդեմն է՝ Իրանի գրեթե անզորության պայմաններում: Այդ պարագայում ԱՄՆ ռեգիոնալ դերակատարության աճն ու հայ-ամերիկյան հարաբերության արդյունավետությունը Հայաստանի համար կարևորագույն ռազմաքաղաքական նշանակություն ունի բալանսի վերականգնման իմաստով: Կարո՞ղ է անփորձ դեսպանը կրել այդ մեծ բեռը: Հարց է, որը բոլորովին հռետորական չէ:
Միաժամանակ, Մակունցի թեկնածության քննարկման հանգամանքը ակնառու քաղաքական է, և կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի մտադրության հիմքում քաղաքական վստահելիությունն է, թիմային տրամաբանությունը: Սա որոշակի երանգ է հաղորդում իրավիճակին փոքր-ինչ հակառակ իմաստով: Մասնավորապես, Փաշինյանը մտորում կամ դիտարկում է ԱՄՆ կարևորագույն ուղղությամբ դեսպան նշանակել մարդու, որը չունի դիվանագիտական փորձ, սակայն ամենավստահելի թիմակիցներից է: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ այդուհանդերձ գնահատվում է ուղղության կարևորությունը: Թե հատկապես ինչ ասպեկտով է գնահատվում՝ սա, իհարկե, իր հերթին հարց է, սակայն ակնառու է, որ վարչապետ Փաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում թեկնածուի հարցում դիտարկում է իր համար վստահելիության չափանիշը:
Միևնույն ժամանակ, անշուշտ կարևոր է փորձը, սակայն դրա բացակայությունն ինքնին առաջացնելով հարցադրումներ՝ այդուհանդերձ միարժեք չի նշանակում դատապարտվածություն կամ երաշխավորված անարդյունավետություն: Այսինքն՝ կարող է հաջողել նաև որոշակիորեն անփորձ դեսպանը: Դա մեծապես կախված է նաև այն հանգամանքից, թե ինչ տրամադրվածություն ունի ամերիկյան կողմը:
Այդ իմաստով պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Մակունցի թեկնածության հարցը զուգահեռվում է Միացյալ Նահանգներից բավականին ուշագրավ ազդակների հետ, որ հնչեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գործողություններում: Եթե ամերիկյան կողմն ինքն է ձեռքը վերցնում որոշակի նախաձեռնողականություն հայ-ամերիկյան հարաբերության հարցում, ապա այստեղ արդեն իսկապես առաջնային պլան կարող է գալ Փաշինյանի համար դեսպանի անձնական վստահելիության հարցը: Փորձի և անձնական վստահության համատեղելի տարբերակ Փաշինյանի համար թերևս բացակայում է:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի