Հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանի ամբարտավան կեցվածքը անհամատեղելի է ԵԽ անդամ պետության կարգավիճակի հետ և այլևս փաստ է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է հետևողականորեն ձգձգել մեր քույրերի և եղբայրների վերադարձը Հայաստան: Ստեղծված իրավիճակը ստիպում է մեզ լինել առավել քան նախաձեռնող, սակայն աներկբա է, որ այս գործընթացում հաջողությունը եթե ոչ ամբողջովին, ապա մեծապես պայմանավորված է լինելու մեր կողմից գործարկվող և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ դիվանագիտական միջոցների համակցված և համակարգված աշխատանքից:
Համոզված եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը գործուն լծակ և միջոց կարող է հանդիսանալ այս հարցում, հետևաբար մենք պետք է կարողանանք ամբողջ թափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:
Կարծում եմ ԵԽԽՎ-ում երեկ մեր կողմից կրած անհաջողությունը մասամբ պայմանավորված է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության, ԱԳՆ կենտրոնական ապարատի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջև աշխատանքների համակարգման թերացմամբ: Այնուամենայնիվ, ժամանակը չէ մեղավորներ փնտրելու, այլ պետք է անել հետևություններ և շտկել թերացումները: Հետևաբար, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրել եմ առաջարկ՝ Ազգային ժողովում Գերիների հարցերով աշխատանքային մարմին ձևավորելու վերաբերյալ, որը կհամակարգի խորհրդարանական դիվանագիտության առկա բոլոր հարթակների գործունեությունն, ինչն էլ իր հերթին կնպաստի այլ իրավասու մարմինների կողմից գործարկվող աշխատանքների արդյունավետությանը:
Եթե փորձեմ առավել բացել խոսքս, ապա խորհրդարանական համակարգը այսօր մեզ ընձեռում է լայն հնարավորություններ, մասնավորապես՝ տարբեր երկրների հետ առկա բարեկամական խմբերի միջոցով, միջխորհրդարանական այնպիսի հարթակների, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ԵՎՐԱՆԵՍԹ, ԱՊՀ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներն են գերիների հարցը համաշխարհային մաշտաբով հումանիտար իրավունքից բխող օրակարգային հարց դարձնելու համար: Սակայն միամտություն կլինի կարծելը, թե մեր միջազգային գործընկերներին միայն իրողությունը ներկայացնելը բավական է արդյունք գրանցելու համար, քանի որ բոլոր այս հարթակները գործում են կամ կազմակերպությունների գործառույթներից բխող քաղաքական շարժառիթներով, կամ էլ առանձին երկրների շահերը սպասարկելու տրամաբանությամբ: Ըստ այդմ, ԱԺ մարմինը, որպես համակարգող մարմին իր նախաձեռնություններում, իր քայլերում պիտի սնվի արտաքին գերատեսչության կողմից կատարվող մոնիտորինգի արդյունքերով և նույն այդ արտաքին գերատեսչությունը պիտի ընթացքում իր տիրապետման տակ գտնվող ռեսուրսներով և լծակներով կապիտալիզացնի խորհրդարանականների կողմից կատարվող աշխատանքները: Արձանագրենք, որ այս հարցում չափազանց էական է ԱԳՆ-ի հետ համագործակցությունը և նաև երկուստեք հաշվետվողականությունը:
Մի կարևոր հանգամանք ևս՝ վստահաբար այս հարցում անհրաժեշտ է նաև, որպեսզի հայկական կողմը վերանայի իրավական գործընթացների վերաբերյալ նախկինում ձևավորված իր մոտեցումները, կամ այսպես կաչված վախերը: Միշտ կա հավանականություն, որ իրավական հարթակում այս կամ այն գործընթացը չի հաջողվի, սակայն դա չի նշանակում, որ ի սկզբանե պետք է ելնել չհաջողելու դիրքերից և խուսափել Ադրբեջանի դեմ իրավական գործընթացների հնարավորություններից, կամ որդեգրել միայն Ադրբեջանին պատասխանելու մարտավարությունը: Ավելին՝ ես կարծում եմ, որ այս հումանիտար խնդրի հանգուցալուծման առաջամարտիկի դերը պիտի վերապահվի իրավական ռեսուրսին, իսկ քաղաքական և դիվանագիտական միջոցները պիտի էապես սնվեն, որոշ դեպքերում նաև հենվեն իրավական թևի աշխատանքների արդյունքներից:
Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրացիայի, Մարդու իրավունքների և պաշտպանության հանձնաժողովները կոորդինացված աշխատեն ՄԻԵԴ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և ՄԻՊ-ի, ինչպես նաև՝ իրավասու այլ մարմինների և գերատեսչությունների հետ և այդ համակարգումը ԱԺ-ի ներսում կարող է ստանձնել հենց նոր ձևավորվող համակարգող մարմինը:
Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ