ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հրամանատարությունը արգելել է F-35 Lightning II բոլոր 20 կործանիչների թռիչքները: Այս մասին հայտնում է Defense News գործակալությունը: Պատճառ է հանդիսացել սարքավորումներին էներգիա սնուցող IPP համակարգի խափանումը, որը տեղի է ունեցել 2011 թ.-ի օգոստոսի 2-ին տեղի ունեցած փորձնական թռիչքների ժամանակ: Միջադեպը պատահել է F-35 Lightning II AF-4 բորտհամարանիշով ինքնաթիռի հետ: Ամերիկացիներն արդեն երկրորդ անգամ մեկ տարվա մեջ դադարեցնում են այս տիպի ինքնաթիռների թռիչքը:
IPP համակարգի խափանման իրական պատճառները փորձում են պարզել նախագծային ՌՕՈՒ-ի և Lockheed Martin ընկերության մասնագետները։ Այս համակարգի խափանումից հետո օդաչուն կարողացել է վայրէջք կատարել: Տուժածներ չկան:
Թռիչքների նախորդ դադարեցումը տեղի է ունեցել 2011 թ.-ի մարտին: Այդ ժամանակ պատճառը երկու էլեկտրագեներատորների խափանումն է եղել: Հատկանշական է, որ այն ժամանակ էլ այդ խափանումը տեղի է ունեցել AF-4 բորտհամարանիշով ինքնաթիռի հետ: Քննության արդյունքում պարզվել է, որ էլեկտրագեներատորների խափանումը սխալ շահագործման հետևանք է: