«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան քաղաքական խմբերի նիստերով մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:
Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստում երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի միջև: Վերջինս խոսք է վերցրել և հարցրել, թե ինչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները այսուհետ կարողանան խաղաղ աշխատել:
Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ինքը կարող է պատասխանել այդ հարցին, և որ դրա համար Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնց այդ երկրի նախագահը համարում է ոչ թե ռազմագերիներ, այլ ահաբեկիչներ, և եթե Ադրբեջանը ուզում է սկսել երկխոսություն, ապա պիտի դադարեցնի հայատյացության քարոզչությունը, որովհետև ինչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, եթե այդ երկրի փոստային ծառայությունը պատերազմից հետո նամականիշներ է թողարկում, որտեղ Արցախը քիմիական միջոցներով մաքրվում է հայերից:
«Այսքանից հետո դուք խոսում եք խաղաղ գոյակցության մասին, լուծեք այս հարցերը և հետո նոր խոսեք խաղաղ գոյակցության մասին»,- դիմելով ադրբեջանցի պատգամավորին՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: