Իրանական կողմի դեմ ԱՄՆ պատժամիջոցները պետք է չեղարկվեն մոտ ժամանակներս: Այս կարծիքը կիրակի օրը հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին:
«Ինձ թվում է, որ մենք պատժամիջոցների վերջին օրերը ենք ապրում», – նրա խոսքերն է մեջբերում երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Ջահանգիրին հավելել է, որ «Իրանի ժողովրդին լավ օրեր են սպասվում»:
Ըստ առաջին փոխնախագահի՝ «պատժամիջոցների պատճառով երկրի արտարժույթի մուտքերը նվազել են 100 միլիարդ դոլարով»:
Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հաստատել է, որ Թեհրանը պատրաստ է ձերբակալվածներ փոխանակել ԱՄՆ-ի հետ: «Ինչպես ավելի վաղ ասել էր երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մենք պատրաստ ենք Վաշինգտոնի հետ ձերբակալվածների փոխանակման», – նշել է նա: